Հայաստան

ՀՀ առողջապահության նախարարի այցը «Սլավմեդ բժշկական կենտրոն»

5 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարարի այցը «Սլավմեդ բժշկական կենտրոն»

Դեկտեմբերի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը այցելել են «Սլավմեդ բժշկական կենտրոն»՝ ծանոթանալու կենտրոնում ներդրված ռոբոտային վիրաբուժության համակարգի կիրառմանը, հնարավորություններին և առավելություններին։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որ ներդրել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգ և առաջինն է, որտեղ իրականացվել են ռոբոտային վիրաբուժական միջամտություններ՝ ապահովելով բուժօգնության նոր որակ և նոր նշաձող սահմանելով հայկական վիրաբուժության ոլորտում։

«Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի, այլև ամբողջ առողջապահական համակարգի համար։ Ցանկացած նոր տեխնոլոգիական լուծում առաջին հերթին ուղղված է պացիենտի առողջության պահպանմանը, և դա մեր աշխատանքի ամենակարևոր սկզբունքն է։ Ռոբոտային վիրաբուժությունն իր հերթին սահմանում է նոր ստանդարտներ վիրաբուժության ոլորտում։ Մեզ համար ուղենշային է, որ Հայաստանում մատուցվող բժշկական ծառայությունները լինեն հասանելի բոլորի համար, և որ ապագայում ռոբոտային վիրաբուժությունը լայն տարածում գտնի մեր երկրում։ Առաջատար լինելը որոշ առումով ռիսկային է, բայց միաժամանակ նաև գրավիչ, քանի որ մյուսները հետևում են առաջատարի փորձառությանը և նորարարություններին»,-իր ելույթի խոսքում նշեց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Այս կարևոր նախաձեռնությանը բժշկական կենտրոնը նախապատրաստվել է հետևողականորեն և մեծ պատասխանատվությամբ։ Ինչպես նշում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր Արմինե Հովակիմյանը, կարևոր է ոչ միայն նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, այլև դրանց լիարժեք տիրապետումն ու արդյունավետ բուժսպասարկման ապահովումը։ Այդ նպատակով կենտրոնի բժիշկները մասնակցել են համապատասխան վերապատրաստումների արտերկրում, ինչպես նաև հրավիրյալ մասնագետների հսկողությամբ իրականացրել են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։

«Ռոբոտային վիրաբուժական համակարգի ներդրումը մեր ռազմավարական ծրագրերից մեկն է։ Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն մեր կենտրոնի բժիշկների, այլև ամբողջ բժշկական համայնքի համար։ Կարելի է ասել՝ սկիզբ է դրվում վիրաբուժության նոր դարաշրջանի,– իր ելույթում նշեց «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր Արմինե Հովակիմյանը և հավելեց,- «Ռոբոտային վիրաբուժական համակարգի լայն հնարավորություններն ու տեխնոլոգիական հագեցվածությունը հնարավորություն են ընձեռում ոչ միայն իրականացնել վիրահատություններ, այլև մեր կենտրոնում կազմակերպել ռոբոտային վիրաբուժության մասնագիտական վերապատրաստման ծրագրեր և դասընթացներ, կրթել  և վերապատրաստել նաև այլ մասնագետների ու նպաստել ոլորտի զարգացմանը»։

Հանդիպման ընթացքում կենտրոնի բժիշկներ՝ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Լևոն Գրիգորյանը, ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մհեր Մխիթարյանը և ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր Մինասյանը ներկայացրեցին ռոբոտային եղանակով իրականացվող վիրահատությունների հիմնական ուղղություններն ու առավելությունները։  Նրանք ընդգծեցին, որ հատկապես լուրջ հիվանդություններ ունեցող պացիենտները ռոբոտի օգնությամբ կստանան բարձրորակ բուժում և կյանքի որակի զգալի բարելավում։ Ռոբոտային վիրաբուժության համակարգը կվերացնի աշխարհագրական սահմաններն ու զգալիորեն կնվազեցնի բուժառուների` արտերկիր մեկնելու անհրաժեշտությունը: Այն կնպաստի նաև հեռաբժշկության դինամիկ զարգացմանը, կխթանի միջազգային առաջատար մասնագետների հետ արդյունավետ համագործակցությունը։

Ներդրված համակարգն իր նորարարական հնարավորություններով միավորում է առաջադեմ հաղորդակցական ենթակառուցվածքներ՝ ներառյալ 5G, լայնաշերտ, օպտիկամանրաթելային և արբանյակային կապերը՝ ապահովելով բժշկական նորարարությունների անխափան և անվտանգ կիրառումը։
Հանդիպման ընթացքում կայացավ նաև կլոր սեղան քննարկում Հայաստանում ռոբոտային վիրաբուժության հասանելիության ընդլայնման և ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հանդիպման շրջանակում «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր Արմինե Հովակիմյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը շրջայց կատարեցին նաև բժշկական կենտրոնի Աչքի միկրովիրաբուժության, Նորածնային բաժանմունքներում, ինչպես նաև մամոգրաֆիկ հետազոտությունների սենյակում՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը և առաջիկա ծրագրերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում