Մշակույթ

«Մենք» ազգային-ավանդական պարի խումբը 13 տարեկան է

4 րոպեի ընթերցում

«Մենք» ազգային-ավանդական պարի խումբը 13 տարեկան է

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում  դեկտեմբերի 21-ին «Տարեգիծ» խորագրով համերգով «Մենք» ազգային-ավանդական պարի խումբը նշեց իր տարեդարձը և ամփոփեց ընթացիկ տարվա ձեռքբերումները:

Ինչպես նշեց «Մենք»-ի հիմնադիր Ստեփան Թորոյանը, դա իրենց սոցիալական հաշվետվությունն է տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին: Թորոյանի խոսքով, այս տարի «Մենք»-ի խմբերը շատացել են՝ հասնելով 10-ի. դրանք թե սիրողական, թե պրոֆեսիոնալ խմբեր են, որտեղ այս պահին ազգային պարեր է սովորում շուրջ 200 սան: «Մենք»-ում համոզված են, որ ազգային պարը երեխաների դաստիարակության կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է, որովհետև դրա միջոցով մարդը հոգևոր կերպով կապվում է իր նախնիների, իր արմատների հետ և ավելի լավ է ըմբռնում հայրենիքի գինը: Այդ գաղափարից ելնելով «Մենք»-ը հիմնել է մանկական խմբեր ոչ միայն Երևանում, այլև մարզերում և այդ գործընթացը ծրագրում է շարունակական դարձնել:

«Հայկական ֆոլկլորը ոչ այնքան բեմական, որքան մասնակցային մշակույթ է, մենք բեմն ուղղակի որպես գործիք կամ միջոց ենք ծառայեցնում ցուցադրելու հայկական մշակույթը և ասելու, որ երբեք ուշ չէ, միշտ էլ կարելի է սովորել ազգային պարեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծում է Ստեփան Թորոյանը: 

Համերգը մեկնարկեց սիրողական խմբի կատարմամբ՝ Հայրիկ Մուրադյանի «Ամռան գիշեր» երգի հնչյունների ներքո՝ նվիրված հայկական ֆոլկլորի մեծ բանահավաքի 120 ամյա հոբելյանին:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ոչ միայն պրոֆեսիոնալ ու սիրողական խմբերն իրենց մեծ ու փոքր անդամներով, այլև «Մենք»-ի Ճապոնիայի մասնաճյուղերի՝ Տոկիոյի և Կիոտոյի խմբերի սաները՝ հեռավար տարբերակով: Անցյալ տարվանից Ճապոնիայի ժողովրդական պարերի ազգային ֆեդերացիայի հետ համագործակցության արդյունքում «Մենք»-ը 2 խումբ ունի Ճապոնիայում, ուր հաճախում և մեծ խանդավառությամբ հայկական էթնիկ պարեր են սովորում ու պարում տարբեր տարիքի ճապոնացիներ: 

Ճապոնիայի մասնաճյուղերի պարուսույցները՝ Րյոտարո Իտոն և Յոշիտոմո Հորիկավան իրենց շնորհավորական ուղերձներով հույս հայտնեցին, որ մոտ ապագայում կկարողանան պարել «Մենք» խմբի հետ՝ Հայաստանում:

Համերգին ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչները, Ճապոնիայում Հայաստանի նախկին դեսպան Արեգ Հովհաննիսյանը և ճապոնագետ, Հայ-ճապոնական էսքիզներ գրքի հեղինակ Աննա Վարդանյանը:

«Մենք»-ը՝ որպես պարի խումբ ստեղծվել է 2012 թվականին և 13 տարի է զբաղվում է ազգային պարերի տարածմամբ ու ուսուցմամբ: Գործունեության ընթացքում խումբն ունեցել է ավելի քան 800 սան: 

2022 թվականից «Մենք»-ը դարձել է կրթամշակութային ՀԿ, որը զբաղվում է ազգային պարերի տարածմամբ, ինչպես նաև հայկական ասեղնագործության, ազգային խաղերի և ծիսատոնական արարողությունների հանրահռչակմամբ: 

«Մեր նպատակը հիմնականում հայ ժողովրդին մեր ազգային մշակույթը վերադարձնելն է, որովհետև այն վերջին 100-ամյակում այնքան էլ չի պահպանվել, և ձեռք բերած անկախությունը ճիշտ ժամանակն ու վայրն է ազգային մշակույթը վերականգնելու համար»,-նշեց Ստեփան Թորոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում