ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը 56.5 տոկոս է. ինչ խնդիրներ ու ձեռքբերումներ է արձանագրել հետազոտությունը

7 րոպեի ընթերցում

Հայաստանի բնակչության ֆինանսական կարողությունները աճել են, ֆինանսական կարողությունների ինդեքսը 2025-ին կազմում է 56.5 տոկոս, սակայն ֆինանսական գրագիտության տեսանկյունից դեռևս շատ խնդիրներ կան՝ սկսած մարդկանց պարտքային վարքագծից մինչև զեղծարարությունների նկատմամբ գերվստահություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման 3-րդ ազգային հետազոտության արդյունքները ներկայացվեցին դեկտեմբերի 19-ին Կենտրոնական բանկում Ֆինանսական կրթման ծրագրի հանձնաժողովի 29-րդ նիստի շրջանակում:

ՀՀ կենտրոնական բանկը շահառու գործընկերների հետ համատեղ իրականացնում է կառավարության կողմից հաստատված ֆինանսական կրթման ծրագիրը: Ծրագիրը միտված է օգնելու երկրի բնակչությանը՝ ձեռք բերել ֆինանսական գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վերաբերմունք և վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու և անձնական բարեկեցության հասնելու համար: 

Ծրագիրն իրականացվում է 4 փուլով: Առ այսօր իրականացվել է երկու փուլ՝ 2014-2019թթ և 2021-2025թթ։ Փուլերից յուրաքանչյուրի մեկնարկում ԿԲ-ն իրականացնում է Հայաստանի բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման (ՖԿԳ) հետազոտություն, որի արդյունքների հիման վրա մշակվում է տվյալ փուլի գործողությունների պլանը։ Ֆինանսական կարողությունների ծրագրի 3-րդ փուլի գործողությունների պլանը (մինչև 2031թ) մշակելու և իրականացնելու համար ԿԲ-ն նախաձեռնել է ՀՀ բնակչության ՖԿԳ 3-րդ ազգային հետազոտություն (Բարոմետր 2025)

«Մենք այսօր արդեն կարող ենք փաստել՝ ֆինանսական կարողությունները Հայաստանում աճել են: Սահմանված ազգային թիրախները ոչ միայն հասանելի են դարձել, այլ նաև մենք գերազանցել ենք այդ թիրախները: Ֆինանսական կարողությունների ինդեքսը 2025-ին հասել է 56.5 տոկոսի, ինչը բարձր է ինչպես 2025 թվականի համար սահմանված 50 տոկոս թիրախից, այնպես էլ 2031թ երկարաժամկետ նպատակային ցուցանիշից, որը 55 տոկոս է»,-ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: 

Վերջին 5 տարում կրթման ծրագրի 2-րդ փուլի արդյունքներում ֆինանսական կարողությունների ինդեքսն աճել է 9.7 տոկոսային կետով: ԿԲ նախագահն ընդգծեց՝ միևնույն ժամանակ այս դրական դինամիկայի կողքին կան նաև ոլորտներ, որտեղ դեռևս մեծ անելիք կա:  

«Առաջին հերթին դա վերաբերում է պարտքային վարքագծին կամ գերպարտքային ռիսկերին: Հարցվողների շուրջ 56 տոկոսը պարտք է ունեցել, իսկ վարկ ունեցողների շրջանում ժամկետանց պարտավորություն ունեցողների մասնաբաժինը կազմել է 19 տոկոս: Պարտք վերցնելու մասին մարդիկ մտածում են ճիշտ, բայց իրական որոշումները երբեմն հակասում են: Մյուս ուղղությունը զեղծարարությունների նկատմամբ հարցվողների առկա գերվստահությունն է, երբ մարդիկ վստահում են իրենց ֆինանսական որոշումների մեջ, բայց ոչ միշտ են ունենում բավարար խորքային գիտելիքներ»,-ասաց Գալստյանը:

Հարցումների արդյունքում մարդկանց 93 տոկոսը նշել է, որ մերժում է կասկածելի ֆինանսական առաջարկները, 89 տոկոսն էլ չի կիսում PIN-ն այլ անձանց հետ: Մինչդեռ հարցումները ցույց են տվել նաև հետևյալ պատկերը, որ մարդկանց ընդամենը 55 տոկոսը կարող է նշել թեկուզ մեկ ֆինանսական խարդախության տեսակ: Իսկ մատակարարների լիցենզիան ստուգում է հարցվողների՝ ընդամենը 13 տոկոսը: 

 «Թեպետ գիտելիքների մակարդակն ավելի քիչ է, բայց վարքագիծն ու վերաբերմունքը ավելի է համապատասխանում նրան, ինչ հանրությունն ընդհանուր առմամբ հակված է անելու: Դա մի կողմից զարմացնող է՝ կարծես թե գնում են ճիշտ վարքագծով, մյուս կողմից մեզ չի գոհացնում, քանի որ իրենք իրենց գիտելիքի հիման վրա չեն գնում այդ քայլերին, այլ հետևում են մյուսների քայլերին: Շատ կարևոր է, որ իրենց ունեցած գիտելիքների հիման վրա որոշումներ կայացնեն»,-ասաց ԿԲ նախագահի խորհրդական Հասմիկ Ղահրամանյանը:

Նա թվարկեց հետազոտության արդյունքում նկատված հիմնական մարտահրավերները: Նախ՝ միշտ մարդկանց սպառելու և խնայելու վարքագծերը պետք է բարելավվեն՝ ֆինանսական գիտելիքներ ստանալով: «Մենք նոր մարտահրավերներ ունենք զեղծարարության հետ կապված, որը պետք է անպայման ֆինկրթման մյուս ծրագրերում հասցեագրվի: Նաև պետք է ավելի հետևողական լինեն, թե ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող առաջարկների հիմքում ինչ է ընկած»,-ասաց Ղահրամանյանը:

Ֆինանսական կրթման ծրագրի շրջանակում իրականացվել են տարբեր միջոցառումներ՝ սկսած դպրոցական տարիքի երեխաներին կրթելուց: 

«Ժամանակակից մարդու գրագիտության կարևոր բաղադրիչներից մեկը ֆինանսական գրագիտությունն է: Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ ֆինանսական տարբեր գործիքներից օգտվելը, սեփական բյուջեն պլանավորելը, սեփական ֆինանսական գործունեությունը վերահսկել կարողանալը դառնում է առանցքային մարդու բարեկեցության, կյանքի որակի համար: Նաև տեսնում ենք, թե ինչպես ոչ պատշաճ գիտելիքի, ոչ բավարար ֆինանսական գրագիտության հետևանքով մարդիկ տարբեր ֆինանսական խարդախությունների զոհ են դառնում»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա վստահեցրեց, որ աշխատանքը սկսել են վաղուց, դեռ վաղ տարիքից երեխաները դպրոցում անցնում են ֆինանսական գրագիտության ամենակարևոր բաղադրիչները: «Շատ կարևորում եմ, որ ֆինանսական գրագիտությունը ներդրված է դպրոցական առարկաների շրջանակներում՝ սկսած «Ես և շրջակա աշխարհը» առարկայից մինչև ավելի մեծ տարիքում՝ «Մաթեմատիկա»-ի, «Հասարակագիտության» շրջանակներում»,-ասաց նախարարը:

Անդրեասյանը նկատեց՝ գրագիտության մակարդակի ընդհանուր աճի տեսանկյունից առաջընթաց կա, բայց կան նաև լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրներ:

 

 

 

 

 

 

Հայերեն Русский

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը