Մշակույթ

Հույսի ճանապարհը՝ «Լույսի ծածկագիրը» ներկայացմամբ. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը փոքրիկ հանդիսատեսին կզարմացնի տոնական բեմադրությամբ

4 րոպեի ընթերցում

Հույսի ճանապարհը՝ «Լույսի ծածկագիրը» ներկայացմամբ. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը փոքրիկ հանդիսատեսին կզարմացնի տոնական բեմադրությամբ

Ավետիք Իսահակյանի 150-ամյա հոբելյանի շրջանակում վարպետի տուն-թանգարանը մեծ տոն է պարգևում թե՛ փոքրիկ, թե՛ մեծահասակ հանդիսատեսին «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացմամբ, որը նորովի է բացահայտում գրողին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը ստեղծվել է Իսահակյանի մանկական ստեղծագործությունների հիման վրա և միավորում է գիտությունը, կրթությունը, սերը, իմաստությունն ու ճշմարտությունը։ 

Դերասանուհի Ալլա Սահակյանը, որին հաջողվում է հետաքրքիր խաղով հիսուն րոպե գրավել երեխաների ուշադրությունը, նշում է՝ ձգտում են մատչելի, հետաքրքիր լեզվով ներկայացնել ու պատմել մեծ գրողի հեքիաթները, պատմվածքներն ու բանաստեղծությունները։ Ցանկանում են դա անել թեթև, հումորով ու ժամանակակից լեզվով։

«Իսահակյանի 150-ամյակն է, և մեր նպատակն է նրա այն ստեղծագործությունները, որոնք, գուցե,  այնքան էլ հանրայնացված չեն, հանրահռչակել յուրահատուկ կերպով՝ գտնելով այն ձևը, որը հնարավորություն կտա հետաքրքիր լինել երեխաների համար, ինչը մեր օրերում բավականին բարդ է»,-ասում է դերասանուհին։ 

Փոքրիկներն ու մեծերը միասին կպարզեն՝ որն է «Ամենապիտանի բանը», կփորձեն հասնել «Արևի մոտ» և կհանդիպեն «Նուկիմ քաղաքի խելոքներին»։   

«Բեմադրության մեջ հերոսները հանդիպում են միմյանց ու փորձում համատեղ ուժերով գտնել լույսի ճանապարհը, որը բարու, սիրո, հանդուրժողականության, գիտության ուղին է։ Երբ գտնում ես այդ ուղին, ոչ միայն ինքդ ես երջանիկ լինում, այլև երջանկացնում ես երկիրդ, մարդկանց։ Երեխաները հերոսների հետ երկրից երկիր ճամփորդելով՝  կարողանում են ընկալել այդ իմաստությունը, որը հեքիաթներում, գուցե, բազմաշերտ է»,-ընդգծում է Սահակյանը։ 

Դերասանուհին ինքնաբերաբար է դիմել տիկնիկների օգնությանը, ինչի շնորհիվ ներկայացումն ավելի է հարստանում։ «Սկզբում մտածում էինք Իսահակյանի հեքիաթները փոքրիկների համար կարդալու մասին, բայց որոշեցինք  ներկայացում բեմադրել, ինչի շնորհիվ հիմք դրվեց «թատրոնը թանգարանում» գաղափարի կայացմանը»,-ասում է նա։ 

Բեմականացման և բեմադրության հեղինակ Քրիստինա Ասրյանը միշտ է մանկական ներկայացումներ բեմադրել։ Հիշում է՝ դեռ իր ուսանողական տարիներին եղել են մտահոգություններ այն բանի շուրջ, որ դժվար կլինի համացանցի դարում բեմադրել ներկայացումներ, որոնք կհետաքրքրեն երեխաներին, սակայն նա միշտ կարծել է՝ եթե հեքիաթը գրավիչ է, երեխաները մոռանում են գաջեթների մասին։ 

«Մանկական ներկայացումները զարգացնում են երեխաների երևակայությունը, և մենք պետք է ազնիվ լինենք նրանց հետ՝ մատուցելով լավ ներկայացումներ։ Այդ պարագայում անհնար է, որ նրանք չներգրավվեն ներկայացման մեջ՝ անկախ նրանից, թե հեռուստացույցով  ինչ են դիտում»,-հավաստիացնում է  նա։

Ներկայացումը դիտելու են գալիս  երեք տարեկանից բարձր երեխաները։ Պատահել է՝ ավելի փոքր տարիքի երեխաներ ևս եկել են այն դիտելու՝ ցանկանալով հեքիաթի մասնակիցը դառնալ։

  

«Լույսի ծածկագիրը» հրաշալի ամանորյա նվեր է թե՛ փոքրիկ, թե՛ մեծահասակ հանդիսատեսի համար, սակայն այն ունի ուղերձներ, որոնք արդիական են բոլոր ժամանակներում։

«Գաղափարը լույսն է, որը, ցավոք, վերջին շրջանում մի քիչ խամրել է, իսկ այս ներկայացումը հույս ու լույս է պարգևում»,-եզրափակում է նա։

Ներկայացումների ժամանակացույցը

Դեկտեմբերի 19՝ ժամը 16:00

Դեկտեմբերի 20-21՝ 14:00

Դեկտեմբերի 26՝ 16:00

Դեկտեմբերի 27-28՝ 14:00

Դեկտեմբերի 29-30՝ 16:00

Հունվարի 3-4՝ 14:00

Ներկայացման սցենարիստն և ռեժիսորը Քրիստինե Ասրյանն է, դերասանուհի, վարող՝ Ալլա Սահակյան, բեմանկարիչ՝ Սուսաննա Հախվերդյան, տիկնիկագործ՝ Նանե Զորաբյան, երաժշտությունը՝ Էլլադա Սայադյանի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում