«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում տեղի ունեցավ անհատույց արյունատվության էստաֆետի ամփոփիչ արարողությունը
3 րոպեի ընթերցում

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի տարբեր շրջանների բժշկական կենտրոններում անցկացված անհատույց արյունատվության էստաֆետի ամփոփիչ արարողությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Միասնություն՝ կյանքի համար» կարգախոսով անհատույց արյունատվության էստաֆետը հանրապետության շուրջ երկու տասնյակ բժշկական կենտրոնների մեկ տարի շարունակ միավորել է անհատույց արյունատվությամբ կյանքեր փրկելու գաղափարի շուրջ։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում գոհացուցիչ համարեց արյունատվության էստաֆետի արդյունքները։

Նրա տվյալներով՝ այս տարի անհատույց դոնորների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 800-ով՝ դառնալով 2800։
«Մենք ամեն տարի պետք է նման աճ գրանցենք, որովհետև այս կարիքը շարունակական աճում է և ինչքան զարգանա մեր բժշկական ծառայությունների որակն ու դրանց տրամադրման աշխարհագրությունը, այնքան արյան դոնորության կարիքը մեծանալու է»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ մեկ մարդու արյունատվությունը կարող է երեք կյանք փրկել։
Ըստ նրա՝ հաջորդ տարի անհատույց արյունատվության էստաֆետը կփոխանցվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։
«Մենք կկազմակերպենք այս համագործակցությունը։ Մեր աշխատողները մոտենում են համապատասխան աշխատանքի վայր և ընդամենը 15 րոպեում դուք կարող եք մարդու կյանք փրկել և դառնալ ինչ-որ մեկի հերոսը»,-հավելեց Ավանեսյանը։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը շեշտեց, որ արյունատվությունը իրական հնարավորություն է փրկելու կյանք՝ լինի վիրահատվող մարդ, ծննդաբերող կին, քաղցկեղով հիվանդ երեխա կամ վթարի ենթարկված մարդ։

«Դա մարդկային համերաշխության ամենապարզ, բայց ամենակարևոր գործընթացներից մեկն է։ Այս տարվա ընթացքում արյունատվության ակցիաներ կազմակերպեցինք բազմաթիվ բժշկական կենտրոններում․ 19 բժշկական կենտրոն միացավ մեր արշավին։ Ամենակարևորն այն է, որ նախաձեռնությանը միացան հենց բուժաշխատողները։ Սա կարևոր մոտեցում է, որովհետև բուժաշխատողներն ամեն օր կանգնած են բուժառուի կողքին և արյունատվությամբ իրենց օրինակով ցույց են տալիս, որ այն անվտանգ, անհրաժեշտ, մարդասիրական և մարդկային կյանք փրկելու քայլ է»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ միջոցառման նպատակը նաև արյունատվության մշակույթի և դրա գիտակցման ձևավորումն է։
Միջոցառմանը արյունաբանական կենտրոնի տնօրենն էստաֆետային խորհրդանշական մրցանակը հանձնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ գործընթացին ցուցաբերած աջակցության համար։
Ցուցադրվեց նաև ամփոփիչ տեսանյութ բժշկական կենտրոններում անցկացված անհատույց արյունատվության էստաֆետի վերաբերյալ։