Կրթություն

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, Կոնֆուցիոսի ինստիտուտը և Հայ-չինական բարեկամության դպրոցը կստորագրեն փոխգործակցության պայմանագիր

8 րոպեի ընթերցում

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, Կոնֆուցիոսի ինստիտուտը և Հայ-չինական բարեկամության դպրոցը կստորագրեն փոխգործակցության պայմանագիր

Հայաստան-Չինաստան հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ՝ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ, տնտեսական կապերի ընդլայնմամբ, ինչպես նաև կրթական, գիտական և մշակութային համագործակցության խորացմամբ, և այդ գործընթացում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում չինական կառավարման մոդելի ու Չինաստանի առաջ քաշած «Ընդհանուր տան» գաղափարախոսության ուսումնասիրությունը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «Չինաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության ամրապնդում. երկխոսություն կառավարման փորձի փոխանակման շուրջ» խորագրով միջազգային համաժողովում հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը։

«Չինաստանի կառավարման փորձն իր բազմաշերտությամբ, պատմական շարունակականությամբ և ժամանակակից մարտահրավերներին հարմարվելու ճկունությամբ այսօր հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրների համար։ Այդ մոդելի գիտական ուսումնասիրությունը, համադրումն ազգային առանձնահատկությունների հետ և երկխոսության ձևաչափով քննարկումները կարող են նպաստել փոխըմբռնման խորացմանն ու երկարաժամկետ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը»,- ասաց Իսկանդարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտն իր գործունեության ողջ ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել Չինաստանի և ընդհանրապես Արևելյան Ասիայի երկրների հետ գիտական համագործակցության զարգացմանը։

«Մեզ համար չինագիտությունը եղել և մնում է կարևոր ուղղություն՝ որպես տարածաշրջանային և գլոբալ գործընթացների ընկալման առանցքային բաղադրիչ։ Այս համատեքստում մեր ինստիտուտը 2021 թվականին ստորագրել է համագործակցության պայմանագիր Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի հետ։ Այդ համագործակցությունը վերջին երկու տարվա ընթացքում ստացել է առանձնապես խորը և համապարփակ բնույթ։ Նշված ժամանակահատվածում մենք իրականացրել ենք համատեղ միջազգային գիտաժողովներ, կազմակերպել փոխայցելություններ, ապահովել ակտիվ մասնագիտական երկխոսություն գիտնականների և փորձագետների միջև, ինչն էականորեն նպաստել է փոխադարձ վստահության և գիտական ներուժի արդյունավետ համադրմանը»,-մանրամասնեց  Իսկանդարյանը։ 

Նա հայտնեց, որ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը համագործակցության հուշագիր ունի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ, որի շրջանակում իրականացվում են գիտակրթական մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված Չինաստանի պատմության, քաղաքականության, լեզվի, մշակույթի և մտավոր ժառանգության ուսումնասիրությանը։ Այդ համագործակցությունը կարևոր կամուրջ է գիտության և կրթության միջև՝ նպաստելով չինագիտության ոլորտում մասնագետների պատրաստման շարունակականությանը։ 

«Այս օրերին մենք ակտիվ քննարկումներ ենք իրականացնում նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, Կոնֆուցիոսի ինստիտուտի և Հայ-չինական բարեկամության դպրոցի միջև եռակողմ  համագործակցության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Արդեն իսկ ստացել ենք բոլոր կողմերի նախնական համաձայնությունը։ Սա մեր ռազմավարական որոշումն է, որի համաձայն նախատեսվող պայմանագիրը նպատակ ունի ձևավորել դպրոցից բուհ և բուհից գիտահետազոտական համակարգ անխափան համագործակցության շղթա, որը կապահովի ուսուցման և գիտական հետազոտության շարունակական ու ներդաշնակ զարգացումը»,-նշեց Իսկանդարյանը։ 

Նրա գնահատմամբ՝ դա ոչ միայն ներդրում է գիտության զարգացման գործում, այլև երկարաժամկետ ռազմավարական ներդրում է հայ-չինական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ 

ՉԺՀ Դալիանի օտար լեզուների համալսարանի ռեկտոր Ցոն Մինցայն առցանց տեսակապի միջոցով իր խոսքն ուղղեց համաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ երկու կողմերի համատեղ ջանքերով ռազմավարական գործընկերությունն անդադար խորացվում է, քաղաքական փոխգործակցությունն ավելի ամրապնդվում, զարգանում է պրագմատիկ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ամրապնդվում են հումանիտար կապերը։ 

«Այս ամենը մեր պետությունների միջև հավասարության և փոխշահավետության դասական օրինակ է։ Այսօրվա գիտաժողովի առանցքային թեմաներն են Չինաստանի կառավարման մոդելը և Գլոբալ կառավարման նախաձեռնությունը։ Գիտաժողովը լավ հարթակ է երկու երկրների գիտնականների և հետազոտողների միջև երկխոսության համար։ Այն ոչ միայն երկու կողմերի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ ձեռք բերված կոնսենսուսի իրականացման կոնկրետ արտահայտումն է, այլև կարևոր միջոց՝ կարծիքներ փոխանակելու և համագործակցության ներուժը ուսումնասիրելու համար, ուստի այս գիտաժողովը կարևոր նշանակություն ունի հայ-չինական համագործակցության ընդլայնման և ռազմավարական գործընկերության հիմքերի ամրապնդման համար»,-ասաց Մինցայը։ 

Նրա դիտարկմամբ՝ պետական կառավարմանը վերաբերող փորձի փոխանակումը մշակութային փոխանակման և փոխադարձ ուսուցման հիմքն է, ավելի խորը և գործնական համագործակցություն խթանելու հիմնական օղակն է։ Չինաստանը մշտապես հավատարիմ է եղել «Համատեղ խորհրդակցությունների, համատեղ կառուցման և համատեղ օգտագործման» գլոբալ կառավարման հայեցակարգի դրույթներին և պատրաստ է իր զարգացման ընթացքում ամփոփված արժեքավոր փորձով կիսվել այլ պետությունների և, մասնավորապես, Հայաստանի հետ։ 

«Հայաստանի պետական կառավարման յուրօրինակ փորձը ևս արժանի է ուսումնասիրության։ Հավատացած եմ, որ գիտաժողովի մասնակիցները կօգտագործեն այս հարթակը՝ բուռն քննարկումներ ծավալելու այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հայ-չինական տարածաշրջանային համագործակցությունը և զարգացման հեռանկարները բազմաթիվ ոլորտներում, որոնք նոր խթան կհանդիսանան հայ-չինական ռազմավարական գործընկերության զարգացման համար»,-ասաց Դալիանի օտար լեզուների համալսարանի ռեկտորը։ 

Նրա բնորոշմամբ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը, լինելով Հայաստանում միակը, դարձել է հայ-չինական մշակութային փոխանակման և կրթական համագործակցության կարևոր հարթակ, որն անփոխարինելի դեր է խաղում երկու երկրների ակադեմիական, մշակութային և հումանիտար կապերի ամրապնդման գործում։ 

«Կոնֆուցիոսի ինստիտուտի ջանքերով լույս է տեսել Հայաստանում նախադեպը չունեցող «Հայկական չինագիտության տարեգիրք» ամենամյա գիտական հանդեսը, որը սկիզբ է դնում երկու երկրների գիտնականների և հետազոտողների միջև բարձր մակարդակի ակադեմիական երկխոսությանը։ Այս նվաճումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում խորացող մշակութային փոխանակումների վառ արտացոլանքն է»,-ասաց Մինցայը։ 

Նա վստահեցրեց, որ Դալիանի օտար լեզուների համալսարանը կշարունակի Կոնֆուցիոսի ինստիտուտի միջոցով նպաստել չինարենի ներդրմանը Հայաստանի պետական կրթական համակարգում, ամրապնդել գիտական համագործակցությունը և իր ներդրումն ունենալ որակավորված մասնագետներ պատրաստելու, ակադեմիական ոլորտում համագործակցելու, մշակութային փոխանակումներին նպաստելու և հայ-չինական ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու գործում։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում