«Հնչող պատկերներ» ցուցահանդեսին արվեստասերները Գրիգոր Աղասյանի հետ «կճամփորդեն» աշխարհով մեկ

8 րոպեի ընթերցում

Քսաներորդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ դեկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց հեղինակին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կյանքին իրապես սիրահարված, յուրօրինակ նուրբ հումորով ու բացառիկ բարությամբ օժտված, հին Երևանի եզակի վավերագրող, գեղանկարիչ, գրաֆիկ, օֆորտի վարպետ, գիտական հոդվածների և հետազոտությունների հեղինակ Աղասյանի՝ շուրջ վեց տասնամյակի ստեղծագործական ուղին բացահայտող, ներկայացնող ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ճամփորդել Իտալիայի և Ֆրանսիայի, Անգլիայի և Իսպանիայի, Էստոնիայի և Վրաստանի քաղաքներով, Հայաստանի գողտրիկ գյուղերով ու ավաններով, երևանյան հին բակերով ու կոլորիտային շուկաներով, հրապարակներով ու փողոցներով, ինչպես նաև վիրտուալ իրականության միջոցով շրջել նկարչի սիրելի արվեստանոցում: 

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, Գրիգոր Աղասյանի թոռնուհի և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը խոստովանում է՝ իր համար բավականին բարդ է եղել մեկտեղել արվեստաբանին, համադրողին, տնօրենին և թոռնուհուն:  

«Կարծեցի՝ ես պետք է համադրեմ ցուցահանդեսը, քանի որ ամբողջ նյութն ինձ մոտ է, լավ ուսումնասիրել եմ պապիս, բոլորից լավ եմ ճանաչել նրան: Աշխատանքի սկզբնական փուլում իմ ապրումներն ավելին էին, քան պետք էր գործընթացի կայացման համար, բայց ինչ-որ փուլում կարողացա չեզոքացնել ժառանգ Մարինային և լիովին ընկղմվել գործի մեջ որպես համադրող: Վերջին օրերին, ի զարմանս ինձ, երբ տեղափոխում էի նկարները, էքսպոզիցիան էի անում և այլն՝ վերացարկվել էի»,-նշում է Հակոբյանը:

Ցուցադրությունը կազմակերպվել է պատկերասրահի չորս սրահում: Հետահայաց ցուցադրությունն ընդգրկում է արվեստագետի ստեղծագործական բոլոր փուլերը:

«Առաջին երկու ցուցասրահներում ներկայացված է քաղաքի գաղափարը: Աղասյանը սիրահարված էր իր ծննդավայրին՝ Երևանին, հետո՝ աշխարհի տարբեր քաղաքներին: Առաջին ցուցասրահը նվիրված է 1930-ականների Երևանին․նա ծնվել է 1926 թվականին, և 1930-ականների Երևանը մինչև կյանքի վերջը, նրա համար նվիրական վերհուշ էր: Հենց այդ շրջանի աշխատանքների համար Աղասյանին անվանում են «հայկական Բրեյգել»։ Նորարար էր այդ բնագավառում, քանի որ բազմաֆիգուր թեմատիկ կոմպոզիցիաներ էր ստեղծում, որոնցում ոչ թե ինչ-որ տեսարան էր ներկայացնում՝ մի փողոց, մի թաղ, մի հրապարակ, այլև առանձին փոքրիկ ժանրային դրվագներով մոնտաժում էր դրանք ու ստեղծում Երևանի հավաքական կերպարը»,-ընդգծում է Մարինա Հակոբյանը:

Երկրորդ ցուցասրահում հեղինակի շրջագայություններն են: Շատ հեշտ է հասկանալ, թե ինչ ուղիներով է նա ճամփորդել. երկար տարիներ Ֆրանսիայում է եղել, Անգլիայում, Իտալիայում, այլ երկրներում: Ցուցասրահում հատված առ հատված տեսնում ենք այդ շրջագայությունների արգասիքը:

Մյուս երկու ցուցասրահները վերաբերում են նրա հիշողություններին, միջավայրին, մտորումներին ու ապրումներին: 

«Վերջին ցուցասրահն ասես Աղասյանի ստեղծագործական ամբողջ ճանապարհի ամփոփումն  է: Պատահական չէ, որ կոնցեպտով դիմահայաց պատը ներկայացված է բացարձակ այլ կերպ.  սա նրա տան, ընտանիքի խորհրդանիշն է, որովհետև հենց այսպես են այս նկարները կախված եղել նրա տանը, իսկ թախտը՝ դրված պատի տակ, Աղասյանն արվեստանոցից արվեստանոց իր հետ տարել է: Սա շրջագայող թախտ է»,-նշում է համադրողը:

Ցուցասրահում շրջելիս անհնար է անտարբեր անցնել փոքրիկ աղջնակի կտավի կողքով: Նկարում Մարինա Հակոբյանն է: Նա շատ լավ հիշում է այդ օրը, երբ պապը պատկերել է իրեն: 

«Այս նկարը՝ «Կարմիր գլխարկը», առանցքային  և հետաքրքիր պատմություն ունի: Նույն պատին կախված է նաև նկարչի դստեր՝ իմ մոր կտավը, որը ևս նկարչուհի է: Պապս հազվադեպ էր աշխատում տանը, հիմնականում արվեստանոցում էր ստեղծագործում: Առավոտյան դուրս էր գալիս տանից, երեկոյան  վերադառնում էր: Այդ անգամ որոշել էր տանը նկարել մայրիկիս: Երբ տեսա, որ նկարում է, շատ վրդովվեցի, որ ինձ չի նկարում. ինքնուրյույն հագնվեցի, զամբյուղը վերցրի ձեռքս ու պատրաստ եկա, կանգնեցի նրա առաջ: Պապիկը ստիպված մի կողմ դրեց մորս դիմանկարն ու անցավ ինձ նկարելուն: Նույն թվականին ստեղծվեցին այս երկու դիմանկարները»,-պատմում է Մարինա Հակոբյանն ու հավելում՝ նկարում երեք տարեկան է:

Գրիգոր Աղասյանի ստեղծագործական ուղին սկսվել է 1930-ականներին՝ դեռևս մանուկ տարիքում, երբ «փոքրիկ նկարիչը» արժանանում է «մասնագիտական» առաջին պարգևին ու հրատարակվում է նրա մասին անվանի արվեստագետ Վահրամ Գայֆեճյանի հոդվածը, որը դառնում է մարգարեական: 

Նկարչական կրթությունն Աղասյանը ստանում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, ապա Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում, որտեղ իր ուսուցիչներն էին նշանավոր արվեստագետներ Վ. Ֆավորսկին, Ի. Գրաբարը, Ս. Գերասիմովը և այլք: Ինքնուրույն ստեղծագործելու  առաջին տարիներից Աղասյանն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում կազմակերպվող ցուցահանդեսներին, արժանանում մրցանակների և շուտով իր հստակ տեղն ու ճանաչումը ձեռք բերում նկարիչների և արվեստասերների շրջանում:

Չնայած նրան, որ արվեստագետը նույն խանդավառությամբ ու պահանջկոտությամբ աշխատել է բնանկարչության, դիմանկարչության, նատյուրմորտի և այլ ժանրերում՝ առավել նախընտրել է կենցաղային ժանրը. ընդհանուր էմոցիոնալ-հոգեբանական ուղղվածությամբ, սիրով ու քնքշությամբ լի քաղաքային մոտիվներով տեսարաններ ու կենցաղային պատկերներ, աշխատանքային փոքր դրվագներ, առօրյա «սովորական» գործունեության բանաստեղծականացված, մայրության ու մանկության թեմաների քնարական կերպավորումներ: Առանձին ժանրային տեսարանների մոնտաժման միջոցով նա ստեղծում է սիրելի քաղաքի անցյալի կոլորիտային պատկերը։ 

Հեղինակին նվիրված բացառիկ ցուցադրության շրջանակում վիրտուալ իրականության (VR) միջոցով այցելուն կարող է հայտնվել Գրիգոր Աղասյանի արվեստանոցում, որտեղ նկարիչը ստեղծագործել է շուրջ 40 տարի: Բնիկ երևանցի ու հարազատ քաղաքի սիրահար նկարչի արվեստանոցը ստեղծագործական տարածք է, ինչպես նաև հիշողության, քաղաքի և անձնական պատմությունների խտացման վայր։ Այստեղ են իր նկարակալը,  մագնիտոֆոնը, ներկապնակն ու վրձինները, արևոտ և ընդարձակ պատշգամբից բացվող քաղաքի համայնապատկերը։ Ինտերակտիվ գործիքներով այցելուն կարող է ինքնուրույն պտտել օֆորտի հաստոցի անիվը, ստեղծագործել նկարչի վրձիններով, միացնել մագնիտոֆոնը, թերթել սեղանին դրված ճեպանկարներն ու էտյուդները: 

Ցուցադրության «էքսպոնատներից» են Աղասյանի՝ սերնդային շարունակականությունն ու հիշողության փոխանցումը խորհրդանշող 1900-ականների նախշազարդ սեղանը (դրա մեջ այսօր էլ պահվում են նկարչի անձնական իրերը), ինչպես նաև թախտն ու նկարակալը: 

Ցուցահանդեսում ընդգրկված շուրջ 100 նմուշների մի մասը «հայտնաբերվել է» թաքստոցներից և ներկայացվում է առաջին անգամ:

Հայերեն

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում