Քաղաքականություն

Հայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ. Փաշինյան

Հայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գերմանիայից, այս մասին Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իր այցը որակելով պատմական։ 

«Այս այցը, հիրավի, պատմական է, քանի որ այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագրի ստորագրմամբ։ Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

ՀՀ վարչապետը նշեց որ կանցլերի հետ գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի համագործակցության հետևողական զարգացումն ու խորացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության բնագավառներում։ 

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և կայուն զարգացման գործում, ինչը հերթական անգամ ամրապնդվեց հոկտեմբեր ամսին Բեռլինում կայացած Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունների արդյունքում։ 

«Կանցլերի հետ քննարկեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը։ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, Եվրոպական Միությունում` առաջինը, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա շարունակման ու զարգացման հարցում։ Կարևորեցինք Գերմանիայի հետ ակտիվ զարգացող համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում, այս առումով գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայկական կրթական նախաձեռնություններից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները մեծ հաջողություն են գրանցում Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում՝ երիտասարդներին հնարավորություն տալով հրաշալի միջավայրում ստանալու տեխնոլոգիական կրթություն», - եզրափակեց վարչապետը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում