Հասարակական

Հայ Առաքելական եկեղեցին ինքնամաքրման և վերանորոգման հրամայականի առջև է. ՍԴՀԿ

3 րոպեի ընթերցում

Հայ Առաքելական եկեղեցին ինքնամաքրման և վերանորոգման հրամայականի առջև է. ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը դեկտեմբերի 9-ին հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, որ Սբ Էջմիածնի հոգևոր-վարչական կառույցը արմատական վերանայման կարիք ունի: 

«Արմենպրես»-ը ներկայացնում է կուսակցության հայտարարությունը. 

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը շարունակում է խոր մտահոգությամբ հետևել Մայր Աթոռ Սբ Էջմիածնից ներս և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, որոնք վստահաբար հուզում են յուրաքանչյուր հայու հոգին, անկախ դավանանքային պատկանելիությունից: 

Աներկբա է, որ ներկա ճգնաժամի գլխավոր դրդապատճառը քաղաքական է և սկիզբ առավ այն պահից, երբ Գարեգին Բ կաթողիկոսը միացավ վարչապետի հրաժարականի պահանջին։ Ավելին, ընդդիմության նախաձեռնած իշխանափոխության մի քանի ձախող փորձերից հետո, Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան կղերականներ փաստորեն վերցրեցին այդ գործընթացի առաջնորդությունը, այդպիսով եկեղեցին ներքաշելով քաղաքական պայքարի հորձանուտ: 

Անշուշտ, նրանք նման քայլի չէին կարող դիմել առանց Էջմիածնի գահակալի անմիջական համաձայնության և օրհնության:  Այդ ընթացքում, Մայր Աթոռի մի շարք հոգևորականների մասին սկսեցին ի հայտ գալ տառատեսակ բացաhայտումներ և խախտումներ, որոնք առ այսօր չեն արժանացել Մայր Աթոռի հստակ և համոզիչ հաստատումին, հերքումին կամ պատշաճ տնօրինությանը: 

Այս ամենը մեզ մղում են մտածելու, որ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի վարչական համակարգից ներս տիրում է նախորդ իշխանությունների գործելաոճին համահունչ իրողություն, ուր բացակա է թափանցիկ հաշվետվությունը և առկա են օրենքների շրջանցումն ու անձնական նախասիրությունների կիրառումը։ 

Հայ Առաքելական եկեղեցին ազգային կառույց է և որպես մեր ազգի հոգևոր պատկեր, ընդունելի չէ, որ նրա երկնակամարը ծածկված լինի կասկածի ու առեղծվածի սև ամպերով: Մենք տասնամյակներ շարունակ պայքարել ենք Մայր Աթոռի գերակայությունը պաշտպանելու համար, և մեզ համար մեծ ցավ է տեսնել Եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս անհաճո զարգացումները։ 

Սբ Էջմիածնի հոգևոր-վարչական կառույցը արմատական վերանայման կարիք ունի և այդ առումով մենք ողջունում ենք տիրող իրավիճակից դուրս գալու նպատակով մի խումբ եպիսկոպոսների կողմից վերջերս հրապարակված հայտարարությունը և միանում ենք կաթողիկոսին ուղղված նրանց հորդորին։ Հայ Առաքելական եկեղեցին ինքնամաքրման և վերանորոգման հրամայականի առջև է այսօր»։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում