Կամբոջան հայտնել է թաիլանդական բանակի կրակոցներից զոհերի և վիրավորների մասին
3 րոպեի ընթերցում

Թաիլանդական բանակի կողմից Կամբոջայի ուղղությամբ հրետակոծության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 9 մարդ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կամբոջայի տեղեկատվության նախարար Նեթ Ֆեակտրան։
«Օդդար Մինչիի և Պրեահ Վիհեր նահանգներից ստացված նախնական տվյալների համաձայն՝ սպանվել է չորս անմեղ կամբոջացի քաղաքացիական անձ, 9 մարդ վիրավորվել է, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են»,- նշել է նա:
Նախարարի խոսքով՝ չնայած Թաիլանդի կողմից զինված ագրեսիային, կամբոջական ուժերը ցուցաբերել են զսպվածության ամենաբարձր մակարդակ:
Reuters-ի փոխանցմամբ՝ Թաիլանդի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նիկորնդեյ Բալանկուրան Բանգկոկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թաիլանդի ռազմական գործողությունները Կամբոջայի դեմ կշարունակվեն մինչև Թաիլանդի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումը։
Խոսնակը նշել է, որ Կամբոջան «ոտնահարել է» երկու երկրների միջև կնքված հրադադարի համաձայնագիրը։
Թաիլանդի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ավիահարվածները նախատեսված էին որպես զսպող միջոց՝ սրացումը կանխելու և Կամբոջայի ռազմական կարողությունները նվազեցնելու համար։
Թաիլանդի բանակի խոսնակը հայտնել է, որ առնվազն մեկ թաիլանդցի զինվոր զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։
Վերսկսված մարտերը ամենալուրջն են հուլիսին հրթիռների և ծանր հրետանու հնգօրյա մարտերից հետո։
Դեռևս հստակ չէ, թե ինչն է վերջին բախումների պատճառը, սակայն լարվածությունը կողմերի միջև շարունակում էր աճել նոյեմբերի 10-ին ականի պայթյունից թաիլանդցի զինվորի վիրավորումից հետո։
Երկու երկրները միմյանց մեղադրում են Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը կոչ է արել Թաիլանդին և Կամբոջային զսպվածություն ցուցաբերել՝ նախազգուշացնելով, որ մարտերը կարող են խաթարել աշխատանքը, որը ներդրվել է իր կողմից միջնորդված հրադադարի կնքման մեջ։
Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»: