Իրավունք

Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետն ու համապատասխան ստորաբաժանման ղեկավարը  նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են պահանջել և ստացել:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։ 

«Պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գտնվող ավտոտնակների զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետները լրացած լինելու մասին, վարձավճարների իրական չափերը նվազեցնելու և պայմանագրերի երկարաձգման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, ինչպես նաև ավտոտնակների սեփականատիրոջ անունից պատկան մարմիններ դիմումներ մուտքագրելու համար նրանից  պահանջել և ստացել են կաշառք»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Կաշառք ստանալու համար գլխավոր մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական օրենսգրքի նույն հոդվածով  մեղադրանք է ներկայացվել նաև ստորաբաժանման պետին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Մեղադրանք է ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված ավտոտնակների սեփականատիրոջը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում