3 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը թեմային անդրադարձել է Գյումրիում լրագրողների հետ զրույցում։
Ալեն Սիմոնյանը նշել է՝ ակնհայտ է, որ այն խնդիրները, որոնք ՀՀ իշխանությունները բարձրացնում են՝ կապված Հայ Առաքելական եկեղեցու հետ, գոյություն ունեն, իսկ դրանց լուծումը մեկն է։ «Այդ լուծումն անխուսափելի է։ Այսօր խնդիրը նրանում է, որ Կտրիճ Ներսիսյանը չի հասկանում, որ իր այս վարքով ինքը մեծ վնաս է հասցնում Հայ Առաքելական եկեղեցուն և պետությանը՝ փորձելով պայքարել անխուսափելի բանի դեմ»,- ասել է Սիմոնյանը։
Հարցին, թե Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իշխանություններին հավատարմության երդո՞ւմ է տվել, Սիմոնյանը պատասխանել է՝ իրենց նպատակն է, որպեսզի եկեղեցին որևէ ձևով խառնված չլինի պետության գործերի մեջ, հետևաբար իրենց պետք չէ որևէ մեկի հավատարմության երդումը։
Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանում եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները համեմատում են Մոլդովայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ռուսաստա՞նն է համեմատում, ռուսական ազդեցության գործակալնե՞րը։ Ես Մոլդովայի, Ուկրաինայի, Ռուսաստանի պաշտոնյա չեմ։ Ձեր անցկացրած զուգահեռները Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի հետ անցկացնում են այն երկրի լրատվամիջոցները, որն ուզում է Հայաստանում իշխանություն փոխել, որն ուզում է, որ Հայաստանում այնպիսի իշխանություն լինի, որը գնում է իրենց երկիր, «դաբռո» է ստանում իշխանություն լինելու համար։ Այդպես չի եղել ու չի լինելու»։
Ալեն Սիմոնյանը նաև հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի արդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացնեն հաջորդ պատարագը։ «Սա իմ անձնական կարծիքն է, ես չգիտեմ, թե վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին, բայց ես կարծում եմ, որ եկել է ժամանակն այնտեղ անցկացնել»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շաբաթներին յուրաքանչյուր կիրակի պատարագների է մասնակցում Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Վարչապետը հայտարարել է, որ սկսում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման գործընթաց, որի վերջնակետը պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռանալը։
Դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագին։