Ավետիք Իսահակյանի արձակը՝ բիզնեսի ընկեր. հեղինակի գործերը վերաիմաստավորվել են մասնագիտական ձեռնարկում
5 րոպեի ընթերցում

«Վարպետը՝ ուղենիշ կազմակերպական մշակույթի և առաջնորդության համար» հայերեն և անգլերեն ձեռնարկը վերաիմաստավորում է Ավետիք Իսահակյանի հեքիաթները, առակներն ու լեգենդները՝ որպես ժամանակակից բիզնես մտածողության, առաջնորդության և կրթական զարգացման գործիք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ձեռնարկի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։
Նախաձեռնության հեղինակ, «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ի նախագահ Աննա Սեթաղյանը պատմեց՝ ձեռնարկի գաղափարը ծնվել է Linkedin հարթակի շնորհիվ։ Նա նկատել է, որ այդ հարթակում որևէ թեմայի անդրադառնալիս մարդիկ դիմում են պատմությունների։ «Բոլոր պատմություններն այլ երկրների մշակույթին են պատկանում։ Երբ Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ ցանկանում են վարպետի 150-ամյակին որևէ հետաքրքրիր նախաձեռնությամբ հանդես գալ, առաջարկեցի Իսահակյանի ստեղծագործությունները փոխակերպման ենթարկել ու դրանց միջոցով խոսել կորպորատիվ մշակույթի մասին»,-նշեց Սեթաղյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած մեկը, որն արդեն ղեկավարում է որևէ կառույց կամ նպատակ ունի դառնալ առաջնորդ, ձեռնարկի միջոցով հնարավորություն է ստանում իր շուրջը կատարվող իրադարձություններն ավելի լավ գնահատելու, դրանց արձագանքելու համար խորհրդատվություն ստանալ Իսահակյանից։
Տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը կարծում է՝ ձեռնարկն Իսահակյանի պատմությունների տարածման համար մեծ նշանակություն կարող է ունենալ։ «Իսահակյանի հեքիաթները, լեգենդներն ու առակները մեզ հետ խոսում են այսօրվա լեզվով։ Ձեռնարկը նորովի է մատուցում վարպետին, նրա ստեղծագործությունն ու տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց ուշադրությունը հրավիրում է թանգարանի վրա։ Այստեղ ներկա են մարդկ, որոնց մի մասը հնարավոր է՝ առաջին անգամ է այցելում մեր թանգարան։ Բիզնես ոլորտը չի անդրադարձել հայ հեղինակներին։ Նրանք մեղավոր չեն, քանի որ չի եղել համապատասխան նյութ»,-նշեց թանգարանի տնօրենն ու հավելեց՝ մասնագետները, որոնք գրել են գրքում ներառված էսսեները, հրաշալի վերլուծել են Իսահակյանի գործերը բիզնեսի ու մասնագիտական աճի տեսանկյունից։

Նա վստահեցրեց՝ Իսահակյանի երկրպագուները ևս կարող են ձեռնարկի միջոցով նորովի բացահայտել վարպետին, քանի որ այն անդրադառնում է բարոյականությանը, մարդկային, մշակութային հարաբերություններին։
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, որն ընդգծեց՝ ձեռնարկի հրատարակումը ոչ միայն հարգանքի տուրք է Ավետիք Իսահակյանին, այլև նոր մոտեցում մասնագիտական գործունեությանը։ «Մեր օրերի հիմնական խնդիրներից մեկը ոչ միայն գիտելիքի փոխանցումն է, այլև այնպիսի մտածողության ձևավորումը, որը երիտասարդներին կօգնի դառնալ ստեղծարար, նախաձեռնող, պատասխանատու մասնագետներ ու առաջնորդներ։ Հենց այստեղ մեր մտավորականների թողած հարուստ ժառանգությունը կարող է դառնալ իրական ուղեցույց։ Այս ձեռնարկը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դասական գրականությունը, ժամանակակից բիզնեսը դիտարկել որպես փոխկապակցված մշակույթ»,-շեշտեց փոխնախարարը։

Նա կարծում է՝ Իսահակյանի ստեղծագործություններում արտահայտված բարոյական արժեքները, մարդկային նկարագրի խորքային դիտարկումներն ու ազնիվ ուղերձները ձեռնարկում վերածվել են գործնական օրինակների ու խնդիրների կարևոր ուսանողների, ղեկավարների և ոլորտի այլ մասնագետների համար։
Ձեռնարկը, որի առաջաբանի հեղինակներն են Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի MBA ծրագրի ղեկավար, ռազմավարության ու հաղորդակցությունների դասախոս Սերգեյ Թանթուշյանը, ձևավորվել է որպես յուրօրինակ կամուրջ դասական գրականության և ժամանակակից մասնագիտական աշխարհի միջև, որտեղ հին իմաստնությունը ստանում է նոր կիրառություն։ Գրքում նշվում է՝ ձեռնարկի հիմնական գաղափարն է Իսահակյանի պատմվածքներից բխող բարոյական դասերն ու ուղերձները կիրառել կորպորատիվ մշակույթի, մասնագիտական և առաջնորդական հմտությունների զարգացման մեջ։
Շնորհանդեսը տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։