Օպերային դիվա Ալբինա Շագիմուրատովան համերգով հանդես է եկել Երևանում

5 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն օրերս հյուրընկալել է Գլինկայի անվան վոկալիստների XXVII միջազգային մրցույթի դափնեկիրներին՝ ժամանակների ականավոր սոպրանո Ալբինա Շագիմուրատովայի գլխավորությամբ (մրցույթի ժյուրիի նախագահ): Նրանց մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգը Շագիմուրատովայի և դափնեկիրների շրջագայության մի մասն է, որն այժմ տեղի է ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Բելառուսում և Ղազախստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Գլինկայի հեղինակավոր մրցույթը, որն անցյալ դարում կազմակերպվել է Ռուսաստանում Իրինա Արխիպովայի անմիջական մասնակցությամբ, այժմ վերածնունդ է ապրում մի քանի տարվա մոռացությունից հետո: Մեծ երգչուհու հոբելյանական տարում հսկայական ջանքեր են գործադրվել միջազգային մակարդակով ցույց տալու նրա աշխատանքի պտուղները և ժամանակակից դասական երաժշտության կատարման լավագույն օրինակները:

Գլինկայի մրցույթում ավանդաբար փայլել և մրցանակների են արժանացել նաև հայազգի օպերային երգիչները՝ Գեղամ Գրիգորյան (1975), Արաքս Դավթյան (1979), Բարսեղ Թումանյան (1979):

Ալբինա Շագիմուրատովայի խոսքով՝ Գլինկայի մրցույթը, որպես մասնակից, իր առաջին մրցույթն է եղել։ «Ես Մոսկվայի կոնսերվատորիայի հինգերորդ կուրսի ուսանողուհի էի, Իրինա Արխիպովան ժյուրիի նախագահն էր։ Այն իմ առաջին մրցույթն էր ու առաջին մրցանակը։ Դա մեծ խթան էր կարիերայիս համար։ Իրինա Կոնստանտինովնայի հետ hանդիպումը, և նրա՝ դու կերգես ամբողջ աշխարհում և անպայման կմասնակցես Չայկովսկու մրցույթին խոսքերն օգնեցին հավատալ ուժերիս։ Գլինկայի և Չայկովսկու մրցույթները մեր երկրի երկու խոշոր մրցույթներն են, որոնք սկիզբ են առնում խորհրդային ժամանակներից։ Գլինկայի անվան վոկալիստների մրցույթը կարևոր դեր է խաղացել շատ անվանի երգիչների կայացման գործում, և սա մեր մեծ պատմությունն է»,-նշում է երգչուհին։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 28-ին Երևանում կայացած համերգը մեծ հաջողություն է ունեցել։ Դահլիճում ներկա են եղել ոչ միայն վոկալիստներ, երաժիշտներ, այլև հանդիսատես, որը մասնագիտական առումով կապ չունի արվեստի հետ. ներկա են եղել արտասահմանյան պատվիրակությունների և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ: «Շատ ուրախ եմ, որ այս մրցույթի անունը հնչեց հայկական հողի վրա։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ինչը շատ բանի մասին է խոսում։ Հատկապես ուրախալի է, որ ելույթ ունեցանք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանում: Նվագախմբին մաղթում եմ երկարակեցություն և բարգավաճում, միջազգային նշանակալի շրջագայություններ: Համերգին ռուսական և եվրոպական օպերաների հայտնի արիաներից և զուգերգերից բացի, նվագախումբը կատարեց Խաչատրյանի և Միրզոյանի ստեղծագործությունները: Զմայլվեցի այդ երաժշտությամբ. որքան նուրբ և խորապես հուզիչ է այն: Նվագախումբը շատ նրբազգաց էր և շատ զգայուն նվագակցում էր ինձ և իմ գործընկերներին: Սա, իհարկե, Էդուարդ Թոփչյանի մեծ վաստակն է: Երևանյան համերգն արդեն մեր երկրորդ հանդիպումն էր այս նուրբ, զգայուն և ուշադիր դիրիժորի հետ, նման երաժիշտի հաճախ չես հանդիպի: Ուրախ եմ մեր համագործակցության համար, մաղթում եմ և՛ մաեստրոյին, և՛ նվագախմբին շարունակական հաջողություններ»,-նշում է Շագիմուրատովան։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ պատմում է, որ առաջին անգամ Ալբինա Շագիմուրատովային հանդիպել է 2022-ին՝ Դմիտրի Խվորոստովսկու փառատոնին: «Միասին ելույթ ունեցանք մեծ համերգային ծրագրով: Իհարկե, ես միշտ հիացել եմ նրա արվեստով, բայց այդ համերգն ինձ վրա անմոռանալի տպավորություն թողեց: Շագիմուրատովան օժտված է աստվածային գեղեցկության ձայնով, որին նա տիրապետում է ապշեցուցիչ, կատարյալ կատարողական վարպետությամբ, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ է մեր օրերում: Երբ ինձ առաջարկեցին նրան հյուրընկալել Երևանում, անմիջապես համաձայնեցի՝ հրաշալի համերգի և այս մեծ երգչուհու արվեստը կրկին հաղորդակցվելու ակնկալիքով: Վստահ էի, որ նրա ղեկավարությամբ ընտրված երգիչները, որոնք Գլինկայի անվան վոկալիստների միջազգային  մրցույթի հաղթողներ են, նույնպես հիանալի ելույթ կունենան, և ես չսխալվեցի»,-ընդգծում է Թոփչյանը։

Երևանյան համերգին Ալբինա Շագիմուրատովայից զատ բեմում են եղել նաև մրցույթի դափնեկիրներ Իվան Բորոդուլինը, Իոսիֆ Նիկիտենկոն, Միրոսլավ Մոլչանովը և Դանիլ Սախարովը: Ելույթ է ունեցել նաև Բելառուսի մեծ թատրոնի մեներգչուհի Դարյա Գորոժանկոն։ 

Հայերեն

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ