Քաղաքականություն

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Օլոֆ Սկուգը քննարկել են Հայաստան-ԵՄ պաշտպանության հարցերում փոխգործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Օլոֆ Սկուգը քննարկել են Հայաստան-ԵՄ պաշտպանության հարցերում փոխգործակցության հեռանկարները

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Օլոֆ Սկուգի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված հավակնոտ օրակարգի առնչությամբ և կարևորել դինամիկ խորացող գործընկերությունը: Նրանք անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված համագործակցությանը և այն խորացնելու ուղիներին:

«Քննարկվել են Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին առնչվող հարցերում փոխգործակցության հեռանկարները»,-ասված է ԱԳՆ-ի հաղոդրագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները` շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում: 

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ընդգծել վերջինիս ներուժի կիրարկման կարևորությունը Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության խթանման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում