Հրդեհների բոլոր օջախները մարվել են. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության լայնածավալ գործողությունների արդյունքում մարվել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ և խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների բոլոր օջախները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։
Լայնածավալ գործողություններին ներգրավվել է ավելի քան 2700 փրկարարական ծառայող, Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, 65 հիմնական և շուրջ 260 օժանդակ տեխնիկա, ՊՆ ուղղաթիռ, որով իրականացվել է 109 թռիչք՝ օդային հետախուզման և հրդեհաշիջման նպատակով։
Մեծամասշտաբ հրդեհի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին. Մարտունու, Վարդենյաց լեռնանցքի, Զոլաքարի, Լճաշենի և այլ տարածքներում բռնկված օջախները մարելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայության ուժերը անմիջապես անցել են հրդեհաշիջման գործողությունների: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է արդեն նոյեմբերի 25-ին նշված հատվածներում ամբողջովին մեկուսացնել հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը անտառային հատվածներ և բնակելի գոտիներ։
Նոյեմբերի 22–24-ը ահազանգեր են ստացվել նաև Տավուշի մարզի Նավուր բնակավայրի և Դիլիջան քաղաքի հարակից անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Իրականացվել են մեծամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներ: Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա հատվածներում արձանագրված հրդեհները մարվել են։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առողջարանային գոտի ու բնակելի տներ։
Հնարավոր բռնկումներից խուսափելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել վերահսկողություն:
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն. ցանկացած անփութություն և անուշադրություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, իսկ կրակ կամ ծուխ նկատելիս հորդորում ենք անմիջապես զանգել 911։