Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է հեքիաթագիտության 15-րդ միջազգային գիտաժողովը
3 րոպեի ընթերցում

2025 թվականի դեկտեմբերի 26-27-ը Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է հեքիաթագիտական 15-րդ միջազգային գիտաժողովը, որի թեմատիկ առանցքն այս անգամ հագուստն է հեքիաթներում։
Գիտաժողովը տեղի կունենա Մատենադարանի փոքր դահլիճում։
Արդեն 15 տարի է՝ Թումանյանի թանգարանն անցկացնում է հեքիաթագիտական ամենամյա գիտաժողով, քանի որ ունի համապատասխան մասնագիտացված բաժին։ Հեքիաթագիտության բաժինը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը՝ նշելով, որ այս տարի ընտրվել է «Հեքիաթի հանդերձարանում» խորագիրը, որի թեմատիկայի առանցքն է՝ հագուստի խորհրդաբանությունը հեքիաթում, հագուստի պոետիկան բանահյուսական և հեղինակային պատումներում։
«Գիտաժողովին մասնակցելու են բազմաթիվ հեքիաթագիրներ, գիտնականներ, ինչպես նաև հյուրեր Էստոնիայի Տարտու քաղաքից՝ ֆոլկլորիստներ, հեքիաթի հագուստի պատմության մասնագետներ և դիզայներներ։ Շատ հետաքրքիր գիտաժողով է լինելու»,-ասաց Թումանյանի թանգարանի տնօրենը։

«2026 թվականին նախատեսվում է հրատարակել «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» գրքի երրորդ հատորը․ տարին թանգարանի համար կլինի հրատարակչական։
Ծրագրվում է կատարելագործել նաև Հովհաննես Թումանյանի ստեղծած մանկական խաղերը դարձնել օնլայն և ներառել բջջային հավելվածներում, որպեսզի Թումանյանի թեմատիկ խաղերը հասանելի դառնան ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։

Հովհաննես Թումանյանի թանգարանի շենքում այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում, թանգարանը ժամանակավորապես տեղափոխվել և գործունեությունը շարունակում է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն- թանգարանում։
Լուսինե Ղարախանյանը նշում է՝ Հրանտ Մաթևոսյանի թանգարանում հնարավոր չէ շատ այցելուներ ընդունել, ինչի հետևանքով էլ թանգարանի այցելուների քանակը նվազել է։

«Բայց ծրագրերը, նախագծերը կյանքի են կոչվում մեծ սիրով, խանդավառությամբ և հիմնական շենք վերադարձի հավատով»,- ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը։
Թանգարանի շենքում շինաշխատանքների ավարտի ժամկետը 1 տարի 6 ամիս է, այսինքն՝ այդքան ժամանակ թանգարանը իր գործունեությունը շարունակելու է Հրանտ Մաթևոսյանի թանգարանում։
Լուսինե Ջալալյան