Վենչուրային ֆոնդերը՝ բարձր ռիսկի, բայց մեծ հնարավորությունների աշխարհ

8 րոպեի ընթերցում

Վենչուրային ներդրումները բարձր ռիսկի աշխարհ են, որտեղ մի գաղափարը կարող է դառնալ հաջորդ գլոբալ հեղափոխության մեկնարկ։ Ինչո՞ւ է մի խումբ մարդկանց վստահությունը, փորձը ու  ռիսկը փոխում տարբեր երկրների տեխնոլոգիական ուղեգիծը։ Այդ ուղեգծի ձևավորողներից մեկն էլ Triple S Ventures վենչուրային ֆոնդն է:

Երբ երեք տարի առաջ Triple S Ventures  ֆոնդը սկսեց իր ճանապարհը, հայկական վենչուրային էկոհամակարգը դեռ միայն ձևավորվում էր։ Այսօր Հայաստանն այդ առումով տարածաշրջանային առաջատարն է։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում  Triple S Ventures-ի համահիմնադիր Ավագ Սիմոնյանը պատմում է, թե ինչպես է ռիսկի դիմելու վստահությունը վերածվում հաջողությունների։  

Վենչուրային ֆոնդերի էությունը և գործունեության սկզբունքները

Ավագ Սիմոնյանի խոսքով՝ վենչուրային ֆոնդերը ընկերությունների իրավական կառուցվածքներ են, որտեղ գործընկերները գումարներ են ներգրավում ներդրողներից։ Հավաքագրված կապիտալը ուղղվում է բարձր ռիսկայնությամբ բիզնեսների՝ հիմնականում ստարտափների ֆինանսավորմանը։

«Մեխանիզմը բավական պարզ է․ ֆոնդի գործընկերները գումար են հայթայթում մեծ ներդրողներից, որոնք վստահում են իրենց կապիտալը։ Գործընկերների հիմնական նպատակը ճիշտ տեղաբաշխումներ կատարելն է և ներդրումների վերադարձի հնարավորինս բարձր գործակից ապահովելը» ,-նշում է նա։

Triple S Ventures-ի ձևավորումն ու բեկումնային փուլերը

Triple S Ventures-ն այս տարի նշում է իր գործունեության երեք տարին։ Ավագ սիմոնյանի խոսքով՝ երբ Արթուր Ջանիբեկյանի, Հակոբ Հակոբյանի և Զարե Բաղդասարյանի հետ մեկնարկել են  հիմնադրամի գործունեությունը , չունեին այն պատկերացումները, որն այսօր ունեն ֆոնդի հետագա գործունեության վերաբերյալ։

«Մի շարք բեկումնային  պահեր են եղել, որոնք ձևավորել են մեր ներկա պլաններն ու զարգացման ուղղությունները: Ի սկզբանե որոշել էինք ներդրումներ կատարել միայն հայ հիմնադիրներ ունեցող ստարտափներում։ Սակայն առաջին մեկուկես տարում հասկացանք, որ հենց հայկական էկոհամակարգի համար շատ ավելի արդյունավետ կլինի նաև ոչ հայկական ստարտափների հետ համագործակցությունը։ Սա թույլ կտար ամրապնդել կապերը հայկական և արտասահմանյան հիմնադիրների միջև, ինչպես նաև ոչ հայկական ստարտափներին բերել Հայաստան՝ այստեղ թիմեր ձևավորելու համար»,-ընդգծեց  նա։

Այս որոշման արդյունքում հիմնադրամը սկսել է ակտիվ գործունեություն ծավալել նաև Կալիֆոռնիայում։

«Ես և մեր գործընկեր Զարե Բաղդասարյանը հիմա այստեղ ենք, իսկ մյուս գործընկերները՝ հիմնականում Երևանում։ Այսպիսով՝ մենք երկու ուղղությամբ էլ ակտիվ ենք գործում՝ փորձելով կամուրջ ստեղծել Հայաստանի և հատկապես Հարավային Կալիֆոռնիայի, Լոս Անջելեսի տեխնոլոգիական էկոհամակարգերի միջև»,- նշեց  Ավագ Սիմոնյանը։

Հայկական վենչուրային էկոհամակարգի զարգացումը

Երբ Triple S Ventures-ը սկսել էր գործունեությունը, հայկական վենչուրային էկոհամակարգը դեռ ձևավորման փուլում էր։ Ավագ Սիմոնյանի գնահատմամբ՝ վերջին ութ-տասը տարում էկոհամակարգը գրանցել է իրական աճ․ «Եթե ստարտափի համար լավ է, երբ պրոդուկտը մեկ տարում տասը անգամ մեծանում է, ապա հայկական էկոհամակարգը վերջին տասնամյակում հենց այդպես է զարգացել, եթե ոչ ավելին»։

Նրա խոսքով՝ վերջին երեք տարիներին տեղի ունեցած ամենամեծ փոփոխություններից մեկը նոր աքսելերացիոն ծրագրերի մուտքն է Հայաստան։ Նա առանձնացնում է նաև խոշոր ներդրումները տեխնոլոգիական ենթակառուցվածքների ոլորտում։

«Հայկական էկոհամակարգը հիմա տարածաշրջանում առաջատարն է: Ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կա, որը հատկապես պայմանավորված է հայ հիմնադիրների ստեղծած ու արդեն իսկ հաջողության հասած ստարտափների պատմություններով։ Նման օրինակներն այսօր շատ են՝ ServiceTitan-ը, Podcastle-ը, Krisp-ը, Picsart-ը, SuperAnnotate-ը։ Այս բոլոր ընկերությունները ցույց են տալիս, որ հայկական ստարտափ էկոհամակարգը ոչ միայն հետաքրքիր է, այլև արդյունավետ»,- ընդգծեց  նա։ 

Ներդրումային չափորոշիչներ․ թիմը միշտ առաջնային է 

Triple S Ventures-ի պորտֆելում այսօր 19 ստարտափ կա, և յուրաքանչյուր ներդրումային որոշում, ինչպես նշում է Ավագ Սիմոնյանը, հիմնվում է մի քանի առանցքային չափորոշիչների վրա։ 

«Առաջինը թիմն է։ Մենք գնահատում ենք՝ որքանով են հիմնադիրները համապատասխան շուկան ճանաչում, ինչ փորձ, գիտելիք, կապեր ու կոմունիկացիաներ ունեն»,-ասում է նա՝ հավելելով, որ բացի թիմից, կարևոր է նաև էներգետիկ համընկնումը ֆոնդի և ստարտափի միջև. այս գործոնը հաճախ որոշիչ է դառնում երկարաժամկետ համագործակցության համար։

Triple S Ventures-ը աջակցում է թիմերին ամբողջ ճանապարհին՝ ներդրումների ներգրավումից մինչև խոշոր գործընկերների հետ կապեր ստեղծելը։ Ֆոնդի պորտֆելում են Docus, Sleep Doctor, Denovo Sciences, Areg AI, Simcare AI,  CloudChipr, BlueQubit, Tactun, My Town AI,  Ritual Dental, OmniShift, Nephesh, Modicus Prime, Waveye, Sparxell, Octopulse AI, Optimyzee, Thera B Medical, StarsHunt ստարտափները, որոնց մի մասն արդեն ունի զգալի ձեռքբերումներ՝ արտացոլված տարբեր ոլորտներում։ 

Triple S Ventures-ի ապագա ռազմավարությունը 

Triple S Ventures-ի առաջիկա տարիների հիմնական նպատակը նոր շուկաների բացումն ու համագործակցության ընդլայնումն է՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ գլոբալ մակարդակում։ «Ցանկանում ենք ստեղծել պլատֆորմ, որտեղ հայկական և միջազգային ստարտափները կարող են միավորվել, փոխանակել փորձ ու ռեսուրսներ։ Մեզ համար ներդրումը միայն կապիտալ չէ, այլ կայուն կապերի կառուցում»,- ընդգծում է Ավագ Սիմոնյանը։

Ֆոնդը նաև նախատեսում է ձևավորել նոր, ավելի հասուն փուլում գտնվող ստարտափներին ուղղված ներդրումային ֆոնդ։

Սիմոնյանի խոսքով՝ էկոհամակարգի արագ աճի համար կարևոր է պետական և մասնավոր սեկտորների համագործակցությունը․ «Եթե էկոհամակարգը պատկերացնենք որպես մեկ ամբողջություն, ապա պետությունը դրա հիմնական բաղադրիչներից մեկն է։ Այդ օղակի բացակայության դեպքում աճի տեմպը անխուսափելիորեն նվազում է»։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է տարվել։

Հայկական ներդրողների մտածելակերպի փոփոխությունը՝ դեպի ռիսկ և նորարարություն

Անդրադառնալով հայկական ներդրողների մտածելակերպի փոփոխությանը՝ Ավագ Սիմոնյանը նշում է, որ վերջին 4-5 տարիների ընթացքում էական առաջընթաց է նկատվում. «Մենք՝ հայկական ներդրողներս, սկսել ենք շատ ավելի մեծ ռիսկեր վերցնել, քան առաջ։ Կարծում եմ՝ դրա հիմնական պատճառը որոշակի հաջողությունների արձանագրումն է․ հայկական մի շարք ստարտափների հաջողությունը ոգևորում է նոր ներդրողներին»։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում նկատվում է հրեշտակ ներդրողների քանակի էական աճ։ Ավագ Սիմոնյանը վստահ է՝ մեծ ռիսկեր վերցնելու պատրաստակամությունը վկայում է ներդրումային մշակույթի հասունացման մասին։

Տեսլական հայկական վենչուրային էկոհամակարգի ապագայի մասին

Ֆոնդի համահիմնադիրը վստահ է, որ առաջիկայում Հայաստանը կշարունակի ամրապնդվել որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։

«Ես հավատում եմ, որ մենք ունենք բոլոր նախադրյալները՝ Հայաստանը դարձնելու ոչ միայն ստարտափների ստեղծման, այլ նաև գլոբալ տեխնոլոգիական համագործակցությունների կենտրոն»,- նշում է նա։

Հայերեն English

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել