Կառավարությունը շարունակելու է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ հետևողական պայքարը. Արսեն Թորոսյան
10 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ միջոցառումը տեղի է ունենում «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա արշավին» ընդառաջ, և այդ համատեքստը պարտավորեցնում է ոչ միայն վերահաստատել պատկան մարմինների հանձնառությունը՝ կանխարգելելու ընտանեկան և կենցաղային բռնությունը, այլև արձանագրել մինչ այժմ իրականացրած աշխատանքները, բացահայտել առկա բացերն ու մարտահրավերները և շարադրել հետագա քայլերի տրամաբանությունը։
Նախարարի խոսքով՝ 2024 թվականը ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում եղավ արմատական և համակարգային փոփոխությունների տարի։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակում մշակվեցին 11 ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնք զգալիորեն բարելավեցին և կանոնակարգեցին ոլորտային մի շարք գործընթացներ։
«Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվող անձանց աջակցության տրամադրման հստակ և միասնական կարգ, ձևավորվել են ոլորտում ծառայություն մատուցող մասնագետների վերապատրաստման կազմակերպման հստակ պահանջներ ու չափանիշներ, ընդունվել է ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատելու մասին համապատասխան որոշումը՝ ամրագրելով դրա իրավական և մեթոդաբանական հիմքերը, սահմանվել է ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների պարտադիր հավաստագրման պահանջ՝ որպես սոցիալական աջակցության ծառայություններ մատուցող կառույցներ, ամբողջական գործարկման է անցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համակարգը»,- մանրամասնեց Թորոսյանը։
Նա հավելեց, որ այս և մի շարք այլ իրագործված փոփոխությունները միտված են ապահովելու միջամտությունների բարձր որակ, միասնական մոտեցումներ և առավել պաշտպանված միջավայր ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար։ Այս համատեքստում կարևոր է նշել նաև ընդամենը ամիսներ առաջ ընդունված ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարության մասին, որի 5-րդ գերակայությունն ամբողջությամբ վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելմանը և ոլորտում համակարգային պետական քաղաքականության իրականացմանը։ Ռազմավարությունն ուղղորդում է քայլերը՝ ընդգծելով նաև միջգերատեսչական գործողությունների կարևորությունը։
«Չնայած իրականացված աշխատանքներին՝ մեր առջև շարունակում են կանգնած լինել լուրջ մարտահրավերներ՝ հանրային իրազեկություն, մասնագիտական կարողությունների շարունակական ավելացում, ռիսկերի վաղ հայտնաբերում, ինչպես նաև համայնքային մակարդակում համագործակցության ամրապնդում։ Այս հարցերը պահանջում են և՛ հետևողական քաղաքական ջանք, և՛ համատեղ մոտեցում։ Այս համատեքստում ուզում եմ հստակ և աներկբա ընդգծել, Կառավարությունը շարունակելու է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ հետևողական պայքարի, դրա կանխարգելման քաղաքականությունը։ Բռնությունը, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը, որևէ տեղ չունի և չպետք է ունենա մեր հասարակությունում»,- եզրափակեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշեց, որ կենցաղային և ընտանեկան բռնության կանխարգելումը, ինչպես նաև բռնությունից տուժած անձանց պաշտպանությունը ՆԳ նախարարության առաջնահերթ ուղղություններից են։ Նրա վկայակոչմամբ՝ 2025 թվականի 10 ամիսների դրությամբ գրանցվել է նման դեպքերի աճ, բայց դրա հետ մեկտեղ տեսանելի է նաև դրական միտում, քանի որ ոչ թե բուն դեպքերն են աճել, այլ դրանց մասին ահազանգերը։
«Նման դեպքերը կրում են լատենտային բնույթ։ Մեր կողմից տարվում են բազմաթիվ աշխատանքներ, որպեսզի հնարավոր ընտանեկան բռնության զոհերը դիմեն ոստիկանություն և օգտվեն իրենց պաշտպանվելու իրավունքից։ Այս առումով պատրաստվում են թեմատիկ հաղորդումներ մեր լրատվության վարչության կողմից։ Իրականացնում ենք նաև իրազեկման արշավներ։ Ընտանեկան բռնությունների դեպքերի աճի վրա ազդել է նաև «կենցաղային» և «զուգընկեր» եզրույթների ավելացումն օրենսդրության մեջ, որոնք որոշակի առումով ընտանեկան բռնության զոհերի շրջանակը մի փոքր ընդլայնել են»,- ասաց Մկրտչյանը։
Նա հիշեցրեց, որ ընդունված օրենսդրության համաձայն՝ կիրառվելու են էլեկտրոնային հսկողության համակարգեր։ Խոսքը վերաբերում է էլեկտրոնային ձեռնաշղթաներին։ Այս պահին իրականացվում է դրանց գնման գործընթացը։ Հաջորդ տարվա առաջին եռամսյակին տվյալ գործիքակազմը նույնպես կկիրառվի, ինչը, Մկրտչյանի հավաստմամբ, կբարձրացնի տվյալ երևույթի դեմ պայքարի արդյունավետությունը։
«Օրենսդրության կատարելագործման տեսանկյունից նույնպես ձեռնարկվում են միջոցառումներ։ Ոստիկանության ծառայողների կրթության վրա դրվում է հիմնական շեշտադրումը, քանզի թեման բավականին զգայուն է, ուստի մասնագիտական և հոգեբանական պատրաստվածությունն անչափ կարևոր է։ Մեր միջազգային գործընկերների հետ մշակում ենք կրթական ճիշտ ծրագրեր, այնուհետև դրանք տրամադրում ենք ոստիկանության ծառայողներին ու դրանցով նրանց կրթում պարբերաբար նախատեսվող վերապատրաստումների շրջանակում»,- նշեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը։
Մկրտչյանի կարծիքով՝ կան պրակտիկայում հանդիպող մի քանի խնդիրներ։ Դրանցից մեկն այն է, որ ընտանեկան բռնության ենթարկված անձը միշտ չէ, որ վստահում է պետական կառույցներին, ուստի կա դիմելիության հետ կապված խնդիր։
«Բնականաբար, մշտադիտարկում ենք այդ գործընթացը և փորձում ենք հնարավոր խզվածքը հասցնել նվազագույնի։ Այդուհանդերձ, դիմելիության հետ կապված կան օբյեկտիվ պատճառներ, ինչը կապված չէ ոստիկանության աշխատանքի հետ։ Մենք ևս փորձում ենք ազդել քաղաքացու վարքագծի վրա, պարզաբանել ու բացատրել, որ պետությունը պատրաստ է և կարող է պատշաճ պաշտպանություն տրամադրել։ Խնդիրներ ենք արձանագրում նաև իրավական իմաստով՝ մասնավորապես կենցաղային ընտանեկան բռնության օրենսդրության և վարչարարության հիմունքների օրենսդրության միջև։ Դատարաններում լինում են վիճարկումներ, բողոքարկումներ, և շատ դեպքերում բեկանվում են ոստիկանների կողմից կայացված որոշումները, հետևաբար նաև դատական համակարգի գործընկերների հետ ունենում ենք քննարկումներ՝ գալով ճիշտ լուծումների»,- եզրափակեց Մկրտչյանը։
Նրա կողմից ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի 10 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 2353 դեպք (2024թ.՝ 1860 դեպք), 2025 թվականին հաշվառման է վերցվել 1858 անձ (2024թ.՝ 1274 անձ), ընդհանուր առմամբ՝ 2025 թվականի 10 ամիսների կտրվածքով հաշվառման մեջ է գտնվում 2243 անձ (2024թ.՝ 1522 անձ)։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն իր հերթին նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում Հայաստանում իրականացվել են շատ մեծ բարեփոխումներ։ Կատարելագործվել է օրենսդրությունը։
«Մենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ 11 ենթաօրենսդրական իրավական ակտեր ենք մշակել ու հաստատել, որոնք սահմանել են այն սկզբունքները, որոնցով ծառայությունները պետք է մատուցվեն։ Դրանք միասնական սկզբունքներ են և պարտադիր են բոլոր մարզային ծառայությունների համար։ Բացի դրանից, իրականացվել են կարողությունների զարգացման լայնածավալ աշխատանքներ։ Միայն մեր ծրագրերով վերապատրաստվել է ավելի քան 2500 մասնագետ, այդ թվում ՝ ոստիկաններ, սոցաշխատողներ, ուսուցիչներ, հոգեբաններ, բուժաշխատողներ։ Ունենք շատ լավ բազա՝ ավելի պրոգրեսիվ, ավելի լավ լուծումներ տալու համար։ Իրականացվել են նաև իրազեկման լայնածավալ արշավներ։ Ավելի քան երկու միլիոն մարդ այս կամ այն կերպ մասնակցել է իրազեկման արշավներին։ Այդուհանդերձ, դեռ կան որոշակի մարտահրավերներ»,- տեղեկացրեց Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ՝ վերջին երկու տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է դիմելիությունն իրավապահ մարմիններին, ուստի կարևոր է շարունակել համակարգված աշխատանքը։
«Ուրախալի է, որ խորհրդի ընդլայնված նիստում ներկայացված են ՀԿ-ները, քանի որ նրանք են լսելի դարձնում բռնության ենթարկված բոլոր անձանց ձայնը։ Նրանցից ավելի լավ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ կարիքներ կան, հետևաբար շատ կարևոր է, որ որոշում կայացնողները լսեն նրանց։ Այս ձևաչափը թույլ է տալիս ավելի թիրախային որոշումներ կայացնել և ավելի թիրախային ծառայություններ մատուցել։ Մենք այս տարի գործարկել ենք նաև ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրման ու հավաքագրման միասնական առցանց հարթակը, որը շատ յուրահատուկ է։ Հաջորդ տարվանից կկարողանանք արդեն վիճակագրական տվյալների հիման վրա ավելի թիրախային որոշումներ կայացնել»,- ասաց Սարգսյանը։