Nvidia-ի չիպերը՝ ԱՄՆ դիվանագիության առանցքում. Հայաստանը ևս անմասն չէ այդ քաղաքականությունից
4 րոպեի ընթերցում

Ամերիկյան New York Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք երկրի կողմից վարվող դիվանագիտությանը։
Պարբերականն ուշադրություն է հրավիրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Nvidia ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի միջև վերջին ամիսներին ձևավորված մտերմության վրա՝ շեշտելով, որ «ԱՄՆ նախագահը Nvidia-ի չիպերն օգտագործում է որպես գործիք առևտրի և խաղաղության շուրջ բանակցություններում»։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը New York Times-ին պատմել է, որ ամերիկացի դիվանագետները և նախագահ Դոնալդ Թրամփը, որը Նոբելյան մրցանակ ստանալու համար փորձում է որոշ տարածաշրջաններում խաղաղության շուրջ գործարքների հասնել, արհեստական բանականությունն ու Nvidia-ի չիպերը որպես գործիք են կիրառում տարբեր բանակցություններում։
Հոդվածում նշվում է, որ Nvidia-ն, որն արտադրում է հզոր համակարգչային չիպեր, որոնք անհրաժեշտ են արհեստական բանականության նախագծերի համար, եղել է առաջին ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններից մեկը, որը կատարել է նախագահ Թրամփին տված խոստումը՝ իրենց արտադրանքի մի մասը տեղափոխել Միացյալ Նահանգներ, իսկ Թրամփը, որն ուշադիր հետևում է ֆոնդային բորսաներին, շատ լավ տեղյակ է, որ Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը։
«Ընկերության չիպերը նաև նախագահին տվել են հզոր բանակցային լծակ տարբեր երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հետ հարաբերություններում»,- գրում է պարբերականը՝ շեշտելով, որ դրանք նույնիսկ դեր են խաղացել ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից տարբեր երկրների միջև խաղաղության միջնորդություններում։
Թրամփի վարչակազմին մոտ գտնվող 2 անձ անանունության պայմանով պարբերականին ասել են, որ ինչպես Միացյալ Նահանգները 1950-ականներին միջուկային տեխնոլոգիաներ էր առաջարկում այն երկրներին, որոնք համաձայն էին դրանք օգտագործել խաղաղ ճանապարհով, այնպես էլ Թրամփի վարչակազմը քննարկել է արհեստական բանականության տեխնոլոգիաներ վաճառելու հարցը հակամարտությունները դադարեցնող երկրներին, այդ թվում՝ Հայաստանին և Ադրբեջանին։
Պարբերականն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ հիշեցնելով, որ դա տեղի է ունեցել նույն օրը, երբ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։
Հոդվածում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո ԱՄՆ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու արհեստական բանականության ոլորտում համագործակցության հեռանկարները։
Պարբերականը մեջբերել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությունը, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը սկսվել էր դեռ տարիներ առաջ, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործընկերությունը հասցրել են զարգացման նոր մակարդակի։
«Սա մեր երկարաժամկետ արդիականացման ջանքերի կարևոր մասն է՝ ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերության շրջանակի հետ մեկտեղ»,- ՀՀ ԲՏԱ նախարարի խոսքերը մեջբերել է New York Times-ը։