Քաղաքականություն

Վրաստանի նախագահը Հայաստանի հետ հարաբերություններն օրինակելի է համարում

2 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը Հայաստանի հետ հարաբերություններն օրինակելի է համարում

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններն օրինակելի է համարում՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքների առկայությունը:  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահն այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում:  

Վրաստանի նախագահն ուրախությամբ արձանագրեց, որ հատկապես 2025 թվականը արգասաբեր է եղել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ու խորացման տեսանկյունից: 

Միխեիլ Կավելաշվիլին նաև պատմական ակնարկ կատարեց՝ ընդգծելով, որ դարեր ի վեր Հայաստանն ու Վրաստանը ներդաշնակ կյանք են ունեցել ու համագործակցել են: 

«Երկու երկրների միջև առկա բազմադարյա հարաբերությունները, որոնք փոխադարձ հարգանքի, վստահության և անսասան բարեկամության վրա են հիմնված, պայմանավորված չեն եղել միայն աշխարհագրությամբ, այլև ընդհանուր արժեքներով, որոնք միավորում են մեր ժողովուրդներին»,-շեշտեց Վրաստանի նախագահը:

«Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններն իսկապես օրինակելի են։ Երկու երկրները համագործակցում են նաև բազմաթիվ այլ հարթակներում. այս համատեքստում հատկապես կարևոր է Հայաստանի Հանրապետության անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին ինչպես իմ, այնպես էլ վրաց ժողովրդի անունից››,-ընդգծեց Միխեիլ Կավելաշվիլին:   

ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստանում է նոյեմբերի 19-ից 20-ը: Այցի շրջանակում ՀՀ նախագահը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում