Անչափահաս որդին վրեժխնդրության շարժառիթով փորձել է սպանել հորը. նախաքննությունն ավարտվել է
2 րոպեի ընթերցում

Ավարտվել է անչափահաս որդու կողմից հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է՝ անչափահաս որդին հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելու և նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժխնդիր լինելու շարժառիթով, խոհանոցային դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել՝ վերջինիս արթնանալու և դանակը որդու ձեռքից խլելու պատճառով:
Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանության փորձը), որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։