Իրավունք

Կաշառքի դիմաց շինարարական թույլտվությունների տրամադրման դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված 16 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Կաշառքի դիմաց շինարարական թույլտվությունների տրամադրման դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված 16 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հիմնավորվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, բազմաթիվ կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, այն է՝ շինարարության անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար, 2023-2024 թվականների ընթացքում որպես կաշառք պահանջել և նախագծման գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենի օժանդակությամբ ստացել է տարբեր չափի գումարներ, յուրաքանչյուր դեպքում՝ 100.000-190.000 ՀՀ դրամ։

«Նախաքննությամբ պարզվել է, որ համայնքապետարանի հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով  վերը նշված ընկերության տնօրենի կողմից նախապես տրամադրած փաստաթղթերից, կազմել և վերջինիս հաստատմանն է ներկայացրել բնակելի տներ կառուցելու նախագծեր, ինչի հիման վրա էլ Արարատի մարզի տարբեր բնակիչներից ստացված կաշառքի դիմաց նրանց տրամադրվել են շինարարության թույլտվություններ»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Կաշառք ստանալու համար Արարատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Պաշտոնատար անձին օժանդակած ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 1-ին մասով (14 դրվագ):   

Կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել նաև 14 անձանց:

Վերը նշված 16 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում