ՍԱՏՄ-ն ներկայացրել է Ղազախստանից ներկրված ցորենի բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների արդյունքները
2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության շրջանակներում իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ իր ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ փորձարկումներն իրականացվել են երեք ուղղություններով.
1․ Բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների
2․ Անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների
3․ Որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:
Փորձարկումների արդյունքները
1․ Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել
2․ Անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել
3․ Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: