Քաղաքականություն

Որևէ վարչապետ չի կարող հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Որևէ վարչապետ չի կարող հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից. Փաշինյան

Հայաստանի որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ չի կարող հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ «Ֆեյսբուք»-ում իր կատարած գրառմանն առ այն, որ սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնել Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ 

«Հայաստանի որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ չի կարող հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից: Եվ այդ գրառումը հաստատումն է ակնհայտի»,-ասաց Փաշինյանը:

Իսկ թե ինչ ճանապարհով պետք է վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վարչապետն ընդգծեց, որ դա պետք է լինի սահմանազատման ճանապարհով: Հայաստանը հավատարիմ է իր ստանձնած գրավոր պարտավորություններին և ուժային որևէ սցենար բացառում է: 

«Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը: Երբ տարածքային ամբողջականության ուրվագիծը կարձանագրվի, այդ ժամանակ արդեն բոլոր հնարավոր կոմբինացիաներն ու վարիացիաները կքննարկվեն»,-ասաց վարչապետը: 

Նա նկատեց՝ քննարկվում է, որ, օրինակ, Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ: «Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ՝ առանց Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտման: Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, հստակ է, որ առանց Հայաստանի քաղաքացիների դիրքորոշման, դա հնարավոր չէ անել: Ընդ որում, դա իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ: Եթե նույնիսկ խոսքն ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց Հայաստանի քաղաքացիների համաձայնության, դա չի կարող պարզապես տեղի ունենալ»,-ասաց Փաշինյանը: 

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ապա վարչապետը նշեց, որ կա դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, այդ շրջանակում էլ աշխատանքները պետք է տեղի ունենան: 

Նրա խոսքով՝ անկլավների հետ կապված սցենարների մասով կոնկրետ համաձայնություն Ադրբեջանի հետ չկա: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում