Իրավունք

Ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի․ Հակակոռուպցիոն կոմիտեն` Վաղարշապատի ընտրությունների մասին

2 րոպեի ընթերցում

Ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի․ Հակակոռուպցիոն կոմիտեն` Վաղարշապատի ընտրությունների մասին

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք ընտրության ողջ գործընթացի նկատմամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այդ մասին հայտարարություն է տարածել։ 

«Կոմիտեն զգուշացնում է, որ լինելու է հետևողական և անզիջում ընտրական օրենսդրության պահպանման հարցում։ Մասնավորապես՝ ընտրական քարոզչության ընթացքում որևէ անձի կամ կառույցի կողմից բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում զերծ մնալ նմանատիպ անօրինական գործողություններից և ցանկացած խախտման դեպքի մասին անմիջապես հաղորդել իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրություններին ընդառաջ բարեգործության արգելքի խախտման ենթադրյալ դեպքի առթիվ։  

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին և կավարտվի նոյեմբերի 14-ին։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում