Իրավունք

Ռազմական դրության ժամանակ անձը կաշառքի դիմաց առաջարկել է լուծել զորահավաքային զորակոչից ազատելու, ինչպես նաև զինգրքույկի տրամադրման հարցը

2 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականին Ս.Ա.-ն դիմել է հանգստյան գոտու տնօրեն Ս.Պ.-ին՝ կնոջ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելու համար:

«Մասնավորապես՝ Ս.Պ.-ն ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1.000 ԱՄՆ դոլարի դիմաց Ա.Մ.-ին ազատել զորահավաքային զորակոչից, սակայն Ս.Ա.-ն չի համաձայնել առաջարկին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, Ս.Պ.-ն Շ.Մ.-ի հետ ունեցած խոսակցության ժամանակ տեղեկանալով, որ նրա ծանոթներից արտերկրում բնակվող Գ.Գ.-ն մտավախություն ունի իրավաչափորեն հասանելիք զինգրքույկը առանց անձամբ ներկայանալու ստանալու հարցում, դարձյալ խաբեության եղանակով, հափշտակություն կատարելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ՝ ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1.800 ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ տրամադրելու պարագայում կազմակերպել զինգրքույկի տրամադրումը, սակայն Գ.Գ.-ն զինգրքույկը ստանալու ուղղությամբ որևէ ապօրինի գործողություն չի իրականացրել:

Ս.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձը), 46-44-436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձին դրդելը) (2 դրվագ): 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում