Դյուցազնագրքի հնգակի ռեկորդակիր 10-ամյա Էդուարդ Մակարյանի «Հայաստանի շուրջը» խաղը կզարգացնի հետաքրքրասերների աշխարհագրական գիտելիքները

6 րոպեի ընթերցում

Տաղանդաշատ Էդուարդ Մակարյանը, որն ընդամենը տասը տարեկան է, Դյուցազնագրքում է գրանցվել հինգ ռեկորդով, որպես սաքսոֆոնահար ելույթ է ունեցել նվագախմբի հետ և հանդես եկել թե՛ մեծ, թե՛ փոքր բեմերում, ստեղծել է սեփական՝ «Հայաստանի շուրջը» խաղը՝ նախատեսված ութ տարեկանից մեծ բոլոր հետաքրքրասերների համար և դեռ շատ երազանքներ ունի։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էդուարդը պատմում է՝ ութամյակին ընկերներն իրեն «Դրոշապոլիս» խաղն են նվիրել, ինչից հետո տարվել է դրոշներով, որոշել ուսումնասիրել դրանք։ «Սկսեցի տասը դրոշից և հասա 200-ի։  Դյուցազնագրքում եմ հայտնվել հիշողությանս շնորհիվ։ Առաջին ռեկորդը սահմանել եմ՝ 2 րոպե 16 վայրկյանում մոտ 200 դրոշ թվարկելով, երկրորդը սահմանել եմ՝ գերազանցելով ինքս ինձ. թվարկել եմ վերը նշված դրոշները 2 րոպեում։ Երրորդ ռեկորդը եղել է Եվրոպայի պետությունները մեծ արագությամբ և աչքերս փակ թվարկելը՝ պահպանելով երկրների՝ միմյանց հնարավոր սահմանակից լինելու հաջորդականությունը, չորրորդը սահմանել եմ՝ նույն կերպ Ասիայի պետությունները թվարկելով, իսկ հինգերորդը՝ Աֆրիկայի պետությունները թվարկելու համար»,-ընդգծում է նա։ 

Էդուարդի համար այդ ամենը գրավիչ է, քանի որ ոչ միայն դրոշների, այլև մտքի արագության սիրահար է։ Տանը հաճախ է դրոշներով «պատերազմներ»  խաղում, դրանցով ճանապարհներ, փորձություններ կազմում։  

Էդուարդն ուսումնասիրել է աշխարհի վաղ շրջանի այն քարտեզները, որտեղ կա Հայաստանը, ինչպես նաև հայկական պետականությունների դրոշները՝ Վանի թագավորությունից մինչև մեր օրեր։ Նա հետաքրքիր է համարում թե՛ Արտաշեսյանների, թե՛ Արշակունիների, թե՛ Բագրատունիների, թե՛ Ռուբինյանների և այլոց դրոշները, սակայն ամենաշատը հավանում է եռագույնը։ 

Սեղանի, ինտելեկտուալ խաղերի նկատմամբ հետաքրքությունը հանգեցրել է նրան, որ Էդուարդը որոշել է սեփականը ստեղծել։ Այցելելով Երևանի մի շարք խանութներ՝ նկատել է, որ աշխարհագրական դինամիկ և ուսուցանող խաղեր գրեթե չկան, ուստի որոշել է լրացնել այդ բացը։ «Իմ ստեղծած խաղը բաղկացած է երկու աշխարհամասից՝ Եվրոպա և Ասիա։ Որպեսզի այն մի քիչ բարդ ու հետաքրքիր լինի, ամեն աշխարհամասում ստեղծել եմ երեք ոլորան-խոչընդոտ։ Խաղը հնարավորություն կտա հարստացնել աշխարհագրական գիտելիքները՝ ծանոթանալով տարբեր երկրների, մայրաքաղաքների և դրոշների»,-հավաստիացնում է նա։ 

Խաղի առանցքային գաղափարը մեկն է՝ «դուրս գալով» Հայաստանից, հաղթահարելով ճանապարհի խոչընդոտները՝ վերադառնալ Հայաստան։  

Էդուարդը դպրոցում լավ է սովորում։ Երբ հարցնում ես, թե որ առարկաներն է սիրում, չի հապաղում, պատասխանում է՝ «Հայոց լեզու»-ն, «Ես և իմ հայրենիք»-ը, «Մաթեմատիկա»-ն։ «Աշխարհագրություն» և «Պատմություն» առարկաները դեռ չեն անցնում։ 

Էդուարդ Մակարյանի տարերքներից է նաև սաքսոֆոնը։ Դեռ փոքր տարիքից հոր՝ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի ուղեկցությամբ հաճախ է ներկա եղել տարբեր համերգների։ Փորձել է հասկանալ, թե որ երաժշտական գործիքն է իր սրտին հարազատ։ Նրան ուղղակի կախարդել են սաքսոֆոնի հնչյունները, ինչի արդյունքում այժմ սաքսոֆոն է նվագում։

Սեպտեմբերի 26-ին Դիլիջանում ելույթ է ունեցել Վանաձորի կամերային նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Ասատրյանը։ Կատարել է Էդմոնդ Մակարյանի «Անքնություն երազում» ստեղծագործությունը։ Հոկտեմբերի 21-ին ևս ելույթ է ունեցել Վանաձորի կամերային նվագախմբի հետ։ 

«Անքնություն երազում»-ը արտացոլում է անհատի ներքին անհաշտ հոգեվիճակը, ինչ-որ բան փոխելու ցանկությունը։ Մի կողմից հոգեկան ապրումներն են, մյուս կողմից իրականությունն է, այդ ամենից ծնվում է երաժշտությունը, որում շատ են հարցականները։  

«Մեծ պատասխանատվություն էր այդ գործը նվագելը, բայց, կարծում եմ, ստացվեց, իսկ սաքսոֆոնն ինձ դուր է գալիս և՛ ձևով, և՛  հնչողությամբ։ Մի քիչ ծանր է, բայց դա չի խանգարում»,-խոստովանում է Էդուարդը։

Այժմ նա սովորում Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում, ուսուցիչը Նարինե Ղուկասյանն է։ Էդուարդն այս պահին չի կարծում, որ երբևէ կփորձի սաքսոֆոն նվագելով որևէ ռեկորդ սահմանել։ Երբ համեմատում է սաքսոֆոնը, օրինակ, ջութակի հետ, ասում է. «Սաքսոֆոն նվագելիս փչում ես, քանի որ այն փողային գործիք է։ Երեսուն րոպե նվագելուց հետո շրթունքներդ սկսում են ցավել, անհրաժեշտ է նաև հանգստանալ շնչառության առումով, իսկ ջութակի պարագայում ամբողջ լարումը ձեռքերի վրա է ընկնում»,-մանրամասնում է նա։  

Էդուարդ Մակարյանը վստահ է՝ լավ երաժիշտ դառնալու, տարբեր ոլորտներում հաջողությունների հասնելու համար պետք է շատ աշխատել, լավ պարապել։ Այն հարցին, թե այնուամենայնիվ ինչ մասնագիտությամբ է իրեն պատկերացնում ապագայում, վստահորեն և ժպիտով պատասխանում է՝ մանկաբույժ։ 

Հայերեն

Եվրոպական ինդեքսները նվազել են - 02/09/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 02/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 02/09/26

Նավթի գներն աճել են - 02/09/26

Մադուրոն և նրա կինը դիմել են ԱՄՆ դատավորին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ