120 ֆիլմ՝ 45 երկրից․ մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 21-րդ փառատոնը
3 րոպեի ընթերցում

Հանրապետությունում նոյեմբերի 4-8-ը կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 21-րդ փառատոնը, որը ներկայանում է բավական հագեցած ծրագրով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի և Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ ներկայացվելու են բազմաժանր ու բազմաբովանդակ 4 տասնյակից ավելի ֆիլմ։
«Այս տարի աննախադեպ քանակի հայտեր ենք ստացել։ Շուրջ 50 երկրից ստացել ենք 850 ֆիլմի հայտ։ Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 120 ֆիլմ՝ 45 երկրից: Ընտրված ֆիլմերն ունեն ամենատարբեր ուղերձներ՝ բարություն, լավատեսություն, հոգատարություն, հույս, հավատ»,-ասաց Նունե Մանուկյանը։

Նունե Մանուկյանն ընդգծեց, որ փառատոնն ունի նաև մարզային բաղադրիչ։ Մեկնարկը տրվելու է Երևանում, անցկացվելու է նաև Շիրակի ու Լոռու մարզերում։ Փառատոնի մեկնարկը տրվելու է «Հեքիաթներ կախարդական այգուց» (Չեխիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆրանսիա, 2025) անիմացիոն ֆիլմի պրեմիերայով։ Ֆիլմի պրեմիերան նաև տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ։ «Ռոլան» 21-րդ փառատոնը հավատարիմ է իր որդեգրած ձևաչափին, և այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից և պատանիներից։
Այս տարի ևս փառատոնային ծրագրում ընդգրկված է «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացված են երեխաների և պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմերը երեխաների համար։
«Մեր Մեծերը» կրթամշակութային ծրագրում իրականացվելու են «Ֆրունզիկ Մկրտչյան. լուրջ ժպիտով» և «Կալենցներ» փաստավավերագրական ֆիլմերի հատուկ ցուցադրությունները։
Բացառիկ իրավունքով կցուցադրվի «Անսի» փառատոնի մրցանակակիր «Հիասքանչ կյանքը» (Չեխիա, Սլովակիա, Ֆրանսիա, 2024) անիմացիոն ֆիլմը։ Փառատոնի երևանյան պրեմիերաների շարքում ընդգրկված է նաև «Բարտալիի հեծանիվը» (Իտալիա, Հնդկաստան, Իռլանդիա, 2024) ֆիլմը, որը բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մրցանակակիր է։
Փառատոնի ծրագրին հնարավոր է ծանոթանալ փառատոնի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում։
