Կրթությունը՝ որպես շրջակա միջավայրի պահպանության ամենաարդյունավետ միջոց. Կիրանցի դպրոցին փոխանցվել է ՀՀ Կարմիր գիրք
1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի դպրոց, հանդիպել ուսուցչական կազմի ու միջին դասարանների աշակերտների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Հանդիպման ընթացքում Մարտիրոսյանը ներկայացրել է շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, անդրադարձել Հայաստանի Հանրապետության հարուստ կենսաբազմազանությանը և դրա պահպանման անհրաժեշտությանը։
Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ մասնակցել են ինտերակտիվ քննարկմանը, արտահայտել իրենց տեսակետներն ու բարձրաձայնել համայնքի համար արդիական բնապահպանական խնդիրները։
Նախաձեռնության հիմնական նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում ձևավորել շրջակա միջավայրի նկատմամբ գիտակցված ու պատասխանատու վերաբերմունք։