Սոցիալական հարցեր

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան

2 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան

Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը կերկարաձգվի 2 ամսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում նման որոշում ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթով:

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: 

Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը։

Սակայն մինչև այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: 

Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով տվյալ որոշմամբ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս (2025 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում