Տնտեսություն

Պետությունից աջակցություն ստացող տնտեսավարողները շահութահարկի մասով արտոնություն կստանան

2 րոպեի ընթերցում

Պետությունից աջակցություն ստացող տնտեսավարողները շահութահարկի մասով արտոնություն կստանան

Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շահառու տնտեսավարողները շահութահարկի գծով աջակցություն կստանան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու հարցը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Խնդիրն այն է, որ աջակցության գումարները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում ամբողջությամբ, ինչը շահութահարկի գծով հարկային պարտավորություններ է առաջացնում: Այս մոտեցումն արդարացված չէ հատկապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրավունքից ստացվող եկամուտներն ազատված են շահութահարկով հարկումից: Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերում գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից ներգրավված վարկերի գումարները և դրանց գծով հաշվարկվող տոկոսագումարները, պետության կողմից սուբսիդավորվելու դեպքում, այդ սուբսիդավորման գումարները հանդիսանում են եկամուտ և հաճախ շահութահարկի գծով հարկային պարտավորություններ են առաջացնում»,- ասաց նախարարը:

Վահե Հովհաննիսյանը հավելեց՝ նախագծով առաջարկվում է՝ անկախ գործունեության իրականացման ոլորտից, սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Կառավարությունից ստացված գումարները եկամուտ են համարվում այդ գումարով ստեղծված ակտիվների ծախսագրմանը համամասնորեն, որպեսզի այդ աջակցության գումարների մասով շահութահարկի պարտավորություններ չառաջանան:

«Առաջարկվող դրույթների կիրառումը տարածվելու է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդիրը նկատվել է հատկապես 2024-ից սկսած»,- նշեց Հովհաննիսյանը:

Կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանն ու ընդունմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում