Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է
2 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը Երևան ժամանելուց անմիջապես հետո կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նա հայտնել է, որ Դավիթ Համբարձումյանը ժամանել է Երևան, հրապարակել է լուսանկար նրա հետ, ապա նաև տեսանյութ, որտեղ, ըստ հրապարակված կադրերի, ոստիկանները սպասում են համայնքապետին օդանավի մուտքի մոտ։
«Կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից»,-գրել է Մալյանը։
Հոկտեմբերի 23-ին Երևանի քրեական դատարանի վճռով Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։
Դավիթ Համբարձումյանին 2018 թվականի հունիսին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։
2018 թվականի հուլիսին Դավիթ Համբարձումյանը կալանավորվել էր, սակայն 2 ամիս անց ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց: Գործի նախաքննությունն ավարտվել էր 2019 թվականի փետրվարին։
Համբարձումյանը դատարանում իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։