Իրավունք

Անձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակություն. նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Անձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակություն. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ այլ անձանց հետ համատեղ մշակել է խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմներ:

Մասնավորապես՝ հանցավոր խմբի անդամները տաքսի ծառայություն մատուցող և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին գրավիչ գներով պատվերներ են կատարել և խնդրել տարբեր չափերի գումարներ փոխանցել իբր իրենց պատկանող, սակայն իրականում տաքսի ծառայություն մատուցող այլ վարորդների բանկային հաշիվներին, ովքեր իրենց հերթին գումարները կանխիկացրել և տրամադրել են Ն.Պ.-ին՝ այդպիսով հափշտակելով քաղաքացիների կողմից փոխանցված գումարները:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամները զանգահարել են տարբեր քաղաքացիների և ներկայացել իբր մսի մատակարարներ, այնուհետև կեղծ տեղեկություններ հայտնելով հափշտակել են նաև վերջիններիս պատկանող մորթված անասունները:

Հանցավոր խմբի անդամների կողմից տուժողներից հափշտակված գումարների չափն ընդհանուր կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում Ն.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խարդախությունը) (105 դրվագ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում