Տնտեսություն

ԵՏՀ-ն ՌԴ-ին առաջարկում է ԵԱՏՄ երկրների միջազգային բեռնափոխադրողների նկատմամբ չկիրառել նոր կարգավորման դրույթները

4 րոպեի ընթերցում

ԵՏՀ-ն ՌԴ-ին առաջարկում է ԵԱՏՄ երկրների միջազգային բեռնափոխադրողների նկատմամբ չկիրառել նոր կարգավորման դրույթները

Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կարգավորման գործընթացի համատեքստում օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու պայմանների փոփոխությունների հարցը գտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ուշադրության կենտրոնում։ 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ ընդգծելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները առաջացած խնդիրների կարգավորման նպատակով։ 

Հիշեցնենք, որ ՌԴ-ում հաստատված նոր կարգավորման համաձայն՝ այն երկրների քաղաքացիները, որոնք առանց մուտքի վիզայի ՌԴ մուտք գործելու իրավունք ունեն, մեկ տարվա ընթացքում ՌԴ տարածքում կարող են մնալ 90 օր՝ նախորդ 180 օրվա փոխարեն։  Արդեն տևական ժամանակ է, ինչ ՌԴ-ում հաստատված այդ կարգավորման դեմ իրենց բողոքն են արտահայտում Հայաստանում գործունեություն ծավալող բեռնափոխադրողները՝ շեշտելով, որ դրանից ամենաշատը տուժում են հենց դեպի ՌԴ բեռնափոխադրում ու ուղևորափոխադրում իրականացնողները, որովհետև մեկ տարվա ընթացքում միայն 90 օր նրանք կարող են անցկացնել Ռուսաստանի և Վրաստանի սահմանի Վերին Լարսի անցակետում՝ առկա հերթերի և այլ խնդիրների պատճառով։ 

Ըստ պաշտոնական պարզաբանման՝ ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ սերտ համագործակցությամբ արդեն անցկացվել են մի շարք օպերատիվ խորհրդակցություններ՝ նպատակ ունենալով գտնել այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն փոխադրողների անխափան գործունեությունն ու Միության ներքին շուկայի կայունությունը։ Աշխատանքը տարվում է երկու հիմնական ուղղությամբ։ 

Առաջին՝ օպերատիվ մակարդակով մշակվում է այն հարցի լուծումը, որը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետությունների այն վարորդներին, որոնք իրականացնում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ և ենթարկվել են վարչական պատասխանատվության միջոցների՝ համաձայն №115 դաշնային օրենքի կիրառման, որի համաձայն էլ առանց վիզայի ՌԴ մուտքի իրավունք ունեցող երկրների քաղաքացիները ՌԴ տարածքում մեկ տարվա ընթացքում կարող են մնալ միայն 90 օր։ Նպատակն է այդ վարորդների նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումների հանումը։ 

Երկրորդ՝ ձևավորվում է համակարգային լուծում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդների վրա նոր փոփոխված №115 դաշնային օրենքի դրույթների չտարածման ուղղությամբ. նշված դրույթները կարգավորում են օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր գտնվելու ժամկետները Ռուսաստանի Դաշնության տարածքում։

ԵՏՀ-ում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ կազմված Հանձնաժողովի, անդամ պետությունների լիազորված մարմինների և բիզնես համայնքի ներկայացուցիչներից։ Շտաբը հնարավորություն է տալիս Միության երկրների փոխադրողներին հաղորդել միջազգային բեռնափոխադրումների ընթացքում առաջացող միգրացիոն ընթացակարգերի հետ կապված դեպքերի մասին։ Ստացված տեղեկությունները վերլուծվում են և փոխանցվում Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ իրավիճակի հնարավորինս արագ կարգավորման նպատակով։ 

Թեմային անդրադարձել է նաև ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն Երնար Բակենովը՝ նշելով, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի և ներքին գործերի նախարարությունների ուշադրության կենտրոնում, և նրանց հետ օպերատիվ աշխատանքներ են տարվում՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում