Իրան

Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել չափից մեծ պահանջներից Իրանի հետ բանակցություններում

2 րոպեի ընթերցում

Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել չափից մեծ պահանջներից Իրանի հետ բանակցություններում

Իրանը չի վերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցի վերաբերյալ այնքան ժամանակ, մինչև Վաշինգտոնը չհրաժարվի չափից մեծ պահանջներից, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ 

«Մենք չենք վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ այնքան ժամանակ, մինչև ամերիկացիները չհրաժարվեն իրենց ագահ քաղաքականությունից և չդադարեն մեզ առաջադրել անհիմն պահանջներ», - ասել է նա։

Ինչպես նշել է Արաղչին, ավելի վաղ Իրանի և ԱՄՆ-ի միջև կայացած բանակցությունները, ներառյալ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած շփումները, դադարեցվել են և առաջ չեն ընթացել հենց ամերիկյան կողմի չափից մեծ պահանջների պատճառով։ 

Հոկտեմբերի 20-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանը շարունակում է Վաշինգտոնի հետ հաղորդագրությունների փոխանակումը միջնորդների միջոցով, բայց դրանք բանակցություններ անվանելը վաղաժամ է։

2025 թվականին ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ Իրանի բանակցությունների հինգ փուլերն ավարտվել են անարդյունք՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռազմական գործողությունների և Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի զինված ուժերի հարվածների պատճառով։ Սեպտեմբերի 23-ին Իրանի առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը չի համապատասխանում Իսլամական Հանրապետության ազգային շահերին, քանի որ բանակցությունները, որոնք ԱՄՆ-ն ցանկանում է և որոնց մասին ասում է, «թելադրանք են, այլ ոչ թե երկխոսություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում