Տեսանյութ

Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ ևս շնորհավորել է այդ առիթով և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը:

Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ:

Ի պատիվ վարչապետ Փաշինյանի՝ Իրակլի Կոբախիձեի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում