Իրավունք

Գյումրիում կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալված անձանցից ոմանք տվել են խոստովանական ցուցմունքներ

3 րոպեի ընթերցում

Գյումրիում կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալված անձանցից ոմանք տվել են  խոստովանական ցուցմունքներ

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալված ութ անձանցից հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: 

«Հաշվի առնելով Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հանրային մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալված ութ անձանցից հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասացնելու մասին որոշումներ։

Ինչ վերաբերում է մամուլում հայտնված այն պնդումներին, թե Գյումրի համայնքի ղեկավարի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունները կեղծ են և չեն առնչվում նրա անձին, ապա Հակակոռուպցիոն կոմիտեն հարկ է համարում պարզաբանել, որ Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը, ավելին՝ տվյալներ չի հայտնել ձայնագրություններում իր ձայնը կեղծված կամ փոխված լինելու մասին՝ խոսակցության վերաբերյալ ներկայացնելով իր սեփական պարզաբանումներն ու մեկնաբանությունները»,- նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, քրեական վարույթի շրջանակներում հարցաքննված մի խումբ անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հաստատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում