Գյումրու դրամատիկական թատրոնը հոբելյանական թատերաշրջանը բացեց Նիկոլայ Ծատուրյանի նոր բեմադրությամբ՝ նվիրված նրա 80-ամյակին

3 րոպեի ընթերցում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ  թատրոնի 160-րդ հոբելյանական թատերաշրջանի առաջնախաղը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թատերաշրջանի առաջին ներկայացումը՝ «Երեք անունով մի աղջիկ» երկու գործողությամբ դրաման նվիրված էր թատրոնի գեղարվեստական խորհրդական, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի 80-ամյա հոբելյանին։

Ներկայացման հեղինակը Անահիտ Աղասարյանն է։ Բեմադրությունն ու երաժշտական ձևավորումն իրականացրել է Նիկոլայ Ծատուրյանը։ Բեմանկարչությունը՝ Անի Ռաշոյանի, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեմմա Ադամյանը և Արսեն Սաղաթելյանը։

Ներկայացումը պատմում է մի աղջկա կյանքի պատմությունը՝ տարբեր տարիքներում։ Տարբեր անունների տակ թաքնված հերոսուհին անցնում է դժվարություններով լի ուղի՝ փորձելով չկորցնել հույսը։

Նախատեսված հոբելյանական երեկոյի փոխարեն Նիկոլայ Ծատուրյանը նախընտրել է նոր ներկայացման բեմադրություն։ «Գյումրու թատրոնը Հայաստանի ամենահին թատրոնն է՝ 160 տարեկան։ Իմ կյանքի ամենամեծ երջանկությունն է՝ լեփ-լեցուն դահլիճում ներկայացում խաղալը։ Շնորհակալ եմ, որ սիրում եք թատրոնը։ Շնորհակալ եմ հենց թատրոնին»,-առաջնախաղի ավարտին նշեց Նիկոլայ Ծատուրյանը՝ տեղեկացնելով, որ այս ստեղծագործությունն իր համար նոր չէր՝ տարիներ առաջ դա բեմադրել է, բայց  վերադարձել է 35 տարի անց՝ նոր տեսանկյունից վերաիմաստավորելով իր իսկ բեմադրած գործը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ  ընդգծեց, որ ներկայացումը հատուկ տեղ է զբաղեցնելու թատերական խաղացանկում: «Պարոն Ծատուրյանը, ինչպես միշտ, ընտրեց ստեղծագործական մոտեցումը. չցանկանալով հոբելյանական երեկո, նա ասաց՝ ուզում եմ ներկայացում բեմադրել։ Եվ դա ամենամեծ նվերն էր թատրոնի համար։ 35 տարի անց նա վերադառնում է իր իսկ ստեղծած աշխատանքի նոր մեկնաբանությամբ։ Այս բեմում միաձուլվում են սերունդներ, և այս ստեղծագործությունը դեռ երկար կապրի թատրոնի խաղացանկում»։

Ներկայացնելով պիեսը, դերասան Արսեն Սաղաթելյանը նշեց, որ ներկայացման գործողությունները տեղի են ունենում լքված կայարանում, որն իր խորհրդանշական կերպով ներկայացնում է անհույս սպասումը և մարդկային խեղված ճակատագրերը։ Ջեմմա Ադամյանը նշեց՝ պիեսը պատմում է իր կերպարի կյանքի երեք տարբեր տարիքների մասին։ Հերոսուհին ներկայանում է երեք անունով՝ փորձելով պահպանել հավատն ու հույսը կյանքի ամենադժվար պահերին։ Դերասանուհու համար մեծ պատիվ էր աշխատել Նիկոլայ Ծատուրյանի հետ, ինչը, նրա խոսքով, իսկական վարպետության դպրոց էր։

Ներկայացման ավարտին հնչած երկարատև ծափերը բեմադրության լավագույն վկայությունն էին։

Հայերեն