Եվրոպա

Պուտին-Թրամփ կայանալիք հանդիպումն ավելի մեծ հնարավորություն կտա Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Վիկտոր Օրբան

2 րոպեի ընթերցում

Պուտին-Թրամփ կայանալիք հանդիպումն ավելի մեծ հնարավորություն կտա Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Վիկտոր Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպումն ավելի մեծ հնարավորություն կտա Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հունգարիայի վարչապետը նշել է սոցյալական ցանցերից մեկում արված գրառման մեջ։

«Այսօր Հունգարիան Եվրոպայի այն երկիրն է, որտեղ կա լուրջ հնարավորություն, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններն, ի վերջո, կհանգեցնեն խաղաղության»,-գրել է Օրբանը։

Նա կարծիք է հայտնել, որ «Բրյուսելն (խմբ․՝ նկատի ունի Եվրոպական միությունը) ինքն իրեն մեկուսացրել է» խաղաղության գործընթացից, բայց Հունգարիան պատրաստ է շարունակել խաղաղության հաստատման ջանքերը: 

«Մենք տարիներ շարունակ հետևողականորեն և համառորեն պաշտպանել ենք խաղաղության գործը: Համագործակցություն՝ բախման փոխարեն, փոխադարձ հարգանք՝ խարանման փոխարեն: Սա է խաղաղության ճանապարհը»,-նշել է Հունգարիայի վարչապետը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ի երեկոյան անցկացրել էին տարեսկզբից ի վեր իրենց ութերորդ հեռախոսազրույցը։ Երկուսուկես ժամ տևած զրույցից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը անմիջապես կսկսեն նախապատրաստական ​​աշխատանքները երկու առաջնորդների միջև նոր հանդիպման համար, որը կարող է տեղի ունենալ Բուդապեշտում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ հայտարարել էր, որ Հունգարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են և ընթանում են ամբողջ թափով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում