Գիտություն

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի ղեկավարած թիմը 14,2 մլն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ մարմնի «թաքնված վեցերորդ զգայարանը» քարտեզագրելու համար

3 րոպեի ընթերցում

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի ղեկավարած թիմը 14,2 մլն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ մարմնի «թաքնված վեցերորդ զգայարանը» քարտեզագրելու համար

Ինչպե՞ս է ուղեղը հասկանում՝ երբ շնչել, երբ է ընկնում արյան ճնշումը կամ երբ է օրգանիզմը պայքարում ինֆեկցիայի դեմ։ Բոլոր հարցերի պատասխանը թաքնված է ինտերոցեպցիայի մեջ։ Իսկ ինտերոցեպցիան դեռևս քիչ ուսումնասիրված պրոցես է, որի արդյունքում նյարդային համակարգը շարունակաբար ստանում և ինտերպրետացնում է մարմնի ֆիզիոլոգիական ազդանշանները, ինչի շնորհիվ կենսական պրոցեսներն իրականացվում են սահուն կերպով։ 

Մարդկային օրգանիզմի ներքին սենսորային համակարգի առաջին քարտեզը ստեղծելու համար ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը խոշոր ֆինանսական միջոցներ է հատկացնելու Scripps Research-ի և Allen Institute-ի գիտնականների թիմին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Scripps Research-ի պաշտոնական կայքը, թիմի աշխատանքները ղեկավարելու է Նոբելյան մրցանակի արժանացած լիբանանահայ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը։ Այս կարևոր հետազոտության իրականացման նպատակով առաջիկա հինգ տարիների ընթացքում թիմը ստանալու է ֆինանսավորում 14,2 մլն ԱՄՆ դոլարի չափով։ 

«Իմ թիմի համար պատիվ է, որ Առողջապահության ազգային ինստիտուտն աջակցում է համատեղ գիտական աշխատանքի, որն անհրաժեշտ է նման բարդ համակարգն ուսումնասիրելու համար»,- հայտարարել է Փաթափությանը, ով ղեկավարում է Scripps Research-ի նեյրոկենսաբանության բաժինը։

Ինտերոցեպցիայի նյարդաբանական մեխանիզմները «ապակոդավորելու» համար թիմը կգրանցի, թե ինչպես են նեյրոնները կապվում ներքին օրգանների լայն շրջանակի, այդ թվում՝ սրտի և աղեստամոքսային համակարգի հետ: Ստացված արդյունքների միջոցով հետազոտողները նպատակ ունեն կառուցել համապարփակ ատլաս, որը անատոմիական և մոլեկուլային առումով կդասակարգի այդ նեյրոնային ուղիները: 

Թիմը նաև հույս ունի բացահայտել նաև մարմնի և ուղեղի միջև հաղորդակցման հիմնական սկզբունքները, ինչը հետագայում կօգնի հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակման հարցում։

2021թ-ի հոկտեմբերի 4-ին Արտեմ Փաթափությանին շնորհվել էր Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում՝ կենդանի օրգանիզմներում շոշափական և ջերմազգաց ռեցեպտորների հայտնաբերման համար:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում