Իրավունք

Ավարտվել է Սպարտակ Ղուկասյանի կողմից հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է Սպարտակ Ղուկասյանի կողմից հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սպարտակ Ղուկասյանի կողմից հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ.-ն, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով, մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին՝ պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի և վարորդի գործողությունները հսկելու նպատակով ընկերոջը հանձնարարել է նստել բեռնատարը և ուղղորդել: Բեռնատարի վարորդը, վախի ազդեցության տակ, հետևանքներից խուսափելու նպատակով, կատարել է ներկայացված պահանջը և համայնքապատկան բեռնատարով դրանում բեռնված գույքը տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել:

Վերոգրյալ գործողությունների հետևանքով Ս.Ղ.-ն իրենն է դարձել գույքը՝ Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:  

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (հարկադրանքի այլ եղանակով կատարված շորթումը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում