Կյանքից հեռացել է բանասեր, թարգմանիչ, գրականագետ Ալբերտ Մուշեղյանը

4 րոպեի ընթերցում

Մահացել է բանասեր, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միությունն ու իր խորին ցավակցությունը հայտնում Մուշեղյանի հարազատներին և մտերիմներին։

Ալբերտ Մուշեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-20:00-ին, «ԼյուԱր» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի 18), հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-14:00-ին, Հայաստանի գրողների միության շենքից (Մարշալ Բաղրամյան պողոտա 3)։

Ալբերտ Մուշեղյանը ծնվել է 1931 թվականին Երևանում։ Վեց տարեկանում դինամիտի պայթյունից կորցրել է տեսողությունը։ 1939-1946 թվականներին սովորել է Երևանի կույր երեխաների գիշերօթիկ յոթնամյա դպրոցում։ 1949 թվականին ավարտել է Երևանի N3 երեկոյան դպրոցը։ 1949 թվականին ընդունվել և 1954 թվականին ավարտել է ԵՊՀ-ի  բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան՝ ավստրո-գերմանական գրականության գծով։

1965-1973 թվականներին եղել է  Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահը։ Ուսումնասիրությունները կատարել է կնոջ՝ բանասեր, թարգմանչուհի Ռիմա Հարությունյանի (1932-1997) օգնությամբ։ 1956 թվականին կազմակերպել է բրայլյան տպարան՝ կույրերի համար ուռուցիկ տառերով գրքեր տպագրելու համար և նշանակվել է գլխավոր խմբագիր, տպագրության պատրաստել և լույս է ընծայել հայկական առաջին բրայլյան գրքերը (Րաֆֆու «Սամվել» վեպը, Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն, Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և այլն)։ 1958-1973 թվականներին եղել է Կույրերի միավորման բրայլյան ամսագրի հիմնադիր-խմբագիրը, 1963-1975 թվականներին՝ բրայլյան հրատարակչության պետ, 1974 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1978 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է։ ԽՄԿԿ անդամ է 1957 թվականից։

1980 թվականին «Ավետիք Իսահակյանի կյանքի և ստեղծագործության վաղ շրջանը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Հեղինակ է շուրջ 100 գրականագիտական և հայագիտական ուսումնասիրությունների՝ նվիրված հատկապես հայ հին գրականության չլուծված խնդիրներին։

Նրա երկերն են՝ «Տիգրան Մեծը Մովսես Խորենացու և հունա-հռոմեական աղբյուրների գնահատմամբ», Երևան, 2011, «Մովսես Խորենացու դարը» (մենագրություն), Երևան, 2008, «Սուրբ գիրքը հայերեն թարգմանելու հանգամանքները և Մեսրոպ Մաշտոցի համառոտ աստվածաշունչը» («Հայ գրականությունը և քրիստոնեությունը») ժողովածու, 2002, «Հայ եկեղեցու և հայոց պետության փոխհարաբերությունները 5-րդ դարի հայ մատենագրության մեջ» («Հայոց եկեղեցի և պետություն») ժողովածուներ, 2000, «Դարի հայ մատենագրության ժամանակագրական խնդիրներ», Երևան, 1996, «Ավետիք Իսահակյան. վաղ տարիներ. 1875-1898» (մենագրություն), Երևան, 1983։

Թարգմանությունները գերմաներենից՝ Արմին Թ. Վեգներ, «Ճանապարհ առանց տունդարձի», (համահեղինակ), Երևան, 2000, Վոլֆգանգ Գյոթե «Բանաստեղծություններ», Երևան, 1993, Վոլֆգանգ Գյոթե, «Վայմարյան քնար», Երևան, 1985, Հայնրիխ Հայնե, «Բանաստեղծություններ և գեղոններ», Երևան, 1983, Հայնրիխ Հայնե, «Գերմանիա, Ձմեռային հեքիաթ» (պոեմ), Երևան, 1959։

Արժանացել է մի շարք պարգևների՝ «Պատվո նշան» շքանշան, 1967, ԵՊՀ Ոսկե մեդալ, 2010, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2009, Մանուկ Աբեղյանի անվան արծաթե մեդալ, 2009, Մովսես Խորենացու մեդալ։

Հայերեն

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ