Գեղարքունիքում ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն երկու շաբաթ է՝ ընթանում են կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները։
«Արմենպրես»-ի թղթակցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից տեղեկացրին, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ի տվյալներով մարզի համայնքներում հավաքվել է շուրջ 14 հազար 570 տոննա կարտոֆիլի համախառն բերք։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 260 ցենտներ։
2025 թվականի տնտեսական տարում Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի ցանքերը կազմել են 5566 հեկտար, որի՝ շուրջ 40 տոկոսի վրա բերքահավաքն արդեն ավարտված է։ Եղած տեխնիկական միջոցները և աշխատուժը բավարար են բերքահավաքը ժամանակին ավարտելու համար։ Բերքահավաքի արագ ընթացքին նպաստում են նաև արևոտ ու տաք եղանակները։
Կարտոֆիլի բերքահավաքը Գեղարքունիքում կավարտվի հոկտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում։