Անձը մաքսային հսկողությունից թաքցրել է 42 հզր տուփ ծխախոտ. վնասն ամբողջությամբ վերականգնվել է
1 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ անձն իր կողմից շահագործվող՝ ցեմենտով բեռնված բեռնատար ավտոմեքենայով, մաքսային հսկողությունից թաքցնելով՝ այլ երկրից ՀՀ տարածք է ներմուծել ընդհանուր 42.400 տուփ ծխախոտ, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 15 մլն 9 հզր 600 դրամ ակցիզային հարկ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերոնշյալ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։