ԵՊՀ-ում բացվեց ժողովրդագրության հետազոտությունների կենտրոն և ազդարարվեց ժողովրդագրական նոր ծրագրի մեկնարկը

5 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանում բացվեց Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը և ազդարարվեց «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականությունների միջոցով» ծրագրի մեկնարկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը եզակի համարեց նորաբաց Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը, որի բովանդակությունը տևական աշխատանքի արդյունք է։

Նրա տեղեկատվությամբ՝ կենտրոնի ստեղծմանը աջակցություն է ցուցաբերել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

«Այս Ժողովրդագրության կենտրոնի առաջնային նպատակներից մեկը տվյալների հիման վրա քաղաքականությունների մշակումն է կամ դրանց աջակցելը, հետազոտություններ խթանելը և հետագայում նաև կրթական բաղադրիչ ավելացնելը»,- ներկայացրեց ռեկտորը՝ հավելելով, որ կենտրոնը մեծ հնարավորություններ է ընձեռելու նաև վերապատրաստումների գործընթացում, որի շրջանակներում տարբեր մասնագետներ կարող են վերապատրաստում անցնել, իսկ ուսանողները հետազոտական աշխատանքների մասնակցել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ Ժողովրդագրության կենտրոնի բացումն ու ծրագրի մեկնարկը տեղի է ունենում Հայաստանի համար ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական բազմաշերտ բարեփոխումների կարևոր փուլում։

«Ուրախությամբ արձանագրում եմ, որ այսօր մեկնարկող ծրագիրը լիովին համահունչ է կառավարության առաջնահերթություններին։ Այստեղ միավորվում են գիտական հետազոտությունները, տվյալների վերլուծությունը և քաղաքականությունների մշակումը, ինչը մեզ թույլ է տալիս փաստերի վրա հիմնված և արդյունավետ մոտեցումներ որդեգրել ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական արդի մարտահրավերներին արձագանքելու համար»,- ասաց Թորոսյանը՝ ողջունելով կենտրոնի բացումը, որը, նրա համոզմամբ, դառնալու է գիտական հանրույթի և քաղաքական որոշումներ ընդունողների ամուր կամուրջ։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլի խոսքով՝ «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականությունների միջոցով» ծրագիրը բազմաբովանդակ ու բազմաշերտ օգնություն կտրամադրի գենդերային հավասարության ու սոցիալահեն քաղաքականությունների մշակման ասպարեզում։

«Մենք շատ ուրախ ենք՝ հնարավորություն ունենալու ֆինանսավորել այս նախագիծը։ Սա ավելին է, քան քաղաքականությանը միջամտություն․ սա նվիրվում է Հայաստանի ժողովրդին և ապագային՝ տվյալներ օգտագործելով քաղաքականություն մշակելու համար։ Հուսով ենք դրանից՝ սոցիալահեն քաղաքականությունների մշակումից, Հայաստանում բոլորը կշահեն։Կանանց հզորացնելով, շարունակական ուսումնառության և գենդերազգայուն քաղաքականություն մշակելով, հիմքեր ենք դնում ավելի մեծ ժողովրդագրական տոկունության և ներառական տնտեսական աճի համար»,- ասաց դեսպանը։

Ժողովրդագրական ծրագիրն իրենց խոսքում կարևորեցին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։

Այնուհետև «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականությունների միջոցով» ծրագրի ղեկավար Տաթևիկ Բադալյանը ներկայացրեց դրա բովանդակությունն ու նախատեսվող միջոցառումները։  

Իր հերթին՝ ԵՊՀ Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի տնօրեն  Տիգրան Գասպարյանը մանրամասնեց բուհի նորաբաց ստորաբաժանման գործունեության ուղղություններն ու անելիքները։

«Ամերիա» ՓԲԸ-ի Գործընկեր, Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն էլ անդրադարձավ  ժողովրդագրական տվյալահեն քաղաքականությունների մշակման առանձնահատկություններին և արդեն իսկ իրականացված աշխատանքներին ու անելիքներին։

Միջոցառմանը տեղի ունեցավ նաև լուսանկարների ցուցահանդես՝ «Կրկնակի հերթափոխ-կանանց անտեսանելի աշխատանքը» խորագրով։

Հայերեն