Զոլաքարում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ 11, 15 և 17-րդ փողոցներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը, Զոլաքարի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 148 միլիոն 439 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Զոլաքարի 11-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի 1-ին և 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքի ասֆալտապատում՝ 1430 գծամետր ընդհանուր երկարությամբ և 7150 քառակուսի մետր մակերեսով, ջրահեռացման և ոռոգման առոռւների տեղադրում՝ երկաթբետոնյա կիսախողովակներով, ճանապարհների գծանշում և կահավորում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերի 7-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։