Իսրայելում հույս ունեն հաջողության հասնել Եգիպտոսում ՀԱՄԱՍ-ի հետ անուղղակի բանակցություններում
2 րոպեի ընթերցում
Իսրայելում հույս ունեն հաջողությամբ ավարտել ՀԱՄԱՍ-ի հետ անուղղակի բանակցությունները, որոնք հոկտեմբերի 6-ին կայանալու են Շարմ էշ Շեյխում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին և հույս ունենք հաջողությամբ ավարտել բանակցությունները», - հրատարակությանն ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի աղբյուրներից մեկը։
Թերթի զրուցակիցների խոսքով՝ իսրայելական պատվիրակությունը առաջիկա ժամերին կմեկնի Եգիպտոս։ Ըստ ԶԼՄ-ների՝ ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունն արդեն տեղում է։
Ավելի վաղ Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ իսրայելական պատվիրակությունը կգլխավորի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը։ Սակայն, ըստ թերթի, նա կարող է բանակցություններին միանալ ավելի ուշ՝ կախված դրանց արդյունքներից։
Իսրայելական պատվիրակության կազմում են նաև պաշտոնյաներ հետախուզությունից և անվտանգության ծառայությունից, վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Օֆիր Ֆալքը և պատանդների հարցերով համակարգող Գալ Հիրշը։
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը գլխավորում է Խալիլ ալ-Հայյան, որին Իսրայելը փորձել էր սպանել Կատարին սեպտեմբերին հասցրած հարվածների ժամանակ։
Սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր Գազայում իրադրության կարգավորման՝ 20 կետից բաղկացած իր պլանը, որը ներառում է այդ թվում՝ մարտական գործողությունների դադարեցում և իսրայելցի պատանդների ազատ արձակում։ Պլանին աջակցել են տարածաշրջանային առաջատար պետությունները, այդ թվում՝ Եգիպտոսը և Կատարը: Ե՛վ Իսրայելը, և՛ ՀԱՄԱՍ-ը իրենց համաձայնությունն են հայտնել պլանի առնչությամբ։ ՀԱՄԱՍ-ը, սակայն, համաձայնել է առաջարկի կետերի մի մասին, այդ թվում՝ իսրայելցի պատանդների ազատ արձակմանը, սակայն որոշ պայմաններ շարժումը դեռ չի ընդունել։