Տնտեսություն

ԵԱՏՄ-ն պատրաստ է նոր նախաձեռնությունների՝ ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն պատրաստ է նոր նախաձեռնությունների՝ ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում

Ժնևում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևի և Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի աշխատանքային հանդիպումը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ քննարկման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են Հանձնաժողովի և ՄԱԿ-ի տարբեր կառույցների միջև համագործակցության ընթացքին և դրա ընդլայնման հնարավորություններին։ 

Բակիտժան Սագինտաևը շնորհակալություն է հայտնել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի հարթակում «ԵԱՏՄ օրերի» կազմակերպման հնարավորության համար՝ ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը միջազգային երկխոսության խորացման տեսանկյունից։ 

«Գլոբալ մարտահրավերների պայմաններում աճում է մեր երկխոսության կարևորությունը։ Մենք պատրաստ ենք ակտիվ փոխգործակցությանը՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն օրակարգի առաջմղման և ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ»,- նշել է Սագինտաևը և առաջարկել ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպել ինտեգրացիոն կառույցների ղեկավարների կանոնավոր հանդիպումներ՝ փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների մշակման նպատակով։ 

Հանդիպման մասնակիցները շեշտել են Կայուն զարգացման նպատակների իրականացումը՝ որպես համաշխարհային համագործակցության առանցքային ուղղություն։ Նշենք, որ Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության բաժանմունքի կենտրոնակայանում ընթանում է «Եվրասիական տնտեսական միության օրերը» թեմատիկ ցուցահանդեսը: 

Հանձնաժողովի կողմից կազմակերպված ցուցահանդեսը այցելուներին առաջարկում է ԵԱՏՄ-ն դիտարկել ոչ միայն տնտեսական տեսանկյունից: Այն պատմում է նաև Միության երկրների մշակութային հարստության, բնության բազմազանության մասին: Էքսպոզիցիայում ներկայացված են անդամ պետությունների համաշխարհային ժառանգության օբյեկտներ, գեղատեսիլ բնական լանդշաֆտներ, որոնք միավորված են եվրասիական զբոսաշրջային երթուղիներով: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում