Արհեստական բանականություն և իրավունք․ «Իրավունքի գիշեր» միջոցառման 5-րդ թողարկումը՝ ՀՖՀՀ-ում

9 րոպեի ընթերցում

Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) անցկացվեց «Իրավունքի գիշեր» միջոցառման 5-րդ թողարկումը՝ կենտրոնացնելով քննարկումները արհեստական բանականության (ԱԲ) ազդեցության և մարտահրավերների վրա իրավունքի դաշտում։ Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին կլոր սեղան-քննարկում, իրավական դեբաթոն և իրավունքի ոլորտում ընդհանուր զարգացվածության մրցույթ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը նշեց, որ «Իրավունքի գիշեր» նախաձեռնությունը սկիզբ է առել Ֆրանսիայում հոկտեմբերի 4-ին՝ Ֆրանսիայի սահմանադրության ընդունման օրվա առիթով։  

«Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը նախաձեռնեց օրենսդրությունը հանրությանը հասանելի ու մատչելի դարձնելու միջոցառումներ։ Տարիների ընթացքում դրանք ընդլայնվեցին և մի քանի տարի առաջ առաջարկվեց, որ նաև Ֆրանսիայից դուրս գործընկեր համալսարանները ևս մասնակցեն։ Մենք որոշեցինք միանալ նախաձեռնությանը և Հայաստանի հասարակությանը, հատկապես երիտասարդներին հնարավորություն տալ ավելի ազատ, ոչ պաշտոնական մթնոլորտում ծանոթանալ իրավունքի տարբեր ուղղություններին ու դերակատարներին»,- ասաց նա։

Այս տարվա միջոցառումը ներառեց կլոր սեղան-քննարկում «Արհեստական բանականության մարտահրավերները իրավաբանների համար» թեմայով։ Այնուհետև կայացավ դեբաթոն՝ «Արդյո՞ք արհեստական բանականությունը գողանում է արվեստն ու ստեղծարարությունը» թեմայով, որի ընթացքում ուսանողները հանդես եկան որպես հայցվոր և պատասխանող կողմեր՝ ներկայացնելով իրենց հիմնավորումները իրավական հայցի վերաբերյալ։ Ժյուրին որոշեց հաղթող թիմին՝ ելնելով վերջինիս փաստարկների համոզիչ լինելուց։ 

Դեբաթոնի երկրորդ փուլը նվիրված էր լուծման առաջարկների ներկայացմանը, որի ընթացքում թիմերը ներկայացրին իրավական և այլընտրանքային մոտեցումներ՝ նպատակ ունենալով առաջարկել արդյունավետ ուղիներ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համար՝ միաժամանակ չսահմանափակելով արհեստական բանականության զարգացման հնարավորությունները։

Երեկոն եզրափակվեց ՀՖՀՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված իրավունքի ոլորտում ընդհանուր զարգացվածության մրցույթով։

«Այս տարվա թեման՝ արհեստական բանականության ազդեցությունը իրավունքի վրա, շատ արդիական է։  Իրավունքը պետք է ապահովի հիմնարար ազատությունների պաշտպանությունը՝ միաժամանակ նպաստելով նորարարության զարգացմանը և դրա ճիշտ ուղղորդմանը։ Հարցն այն է, թե ինչպես պետք է իրավունքի շրջանակում կառավարել արհեստական բանականությունը և կանխարգելել կույր ավտոմատացման վտանգները։ 

Ի դեպ, ելույթիս տեքստը նախապես պատրաստել էի ChatGPT-ի օգնությամբ, բայց չկարողացա ներկայացնել այն, քանի որ դեռ չեմ հարմարվել այդ իրականությանը։ Տեքստը լավ կառուցված էր, սակայն պակասում էին զգացմունքները»,- կատակեց ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին։  

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Համագործակցության և մշակութային գործունեության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը շեշտեց, որ «Իրավունքի գիշերը»-ը ֆրանսիական նախաձեռնություն է, որը միավորում է իրավաբաններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ուսանողներին՝ քննարկելու արդի մարտահրավերները։ 

«Այս տարի Ֆրանսիայում միջոցառումն անցկացվում է մոտ 200 վայրում։ Ուրախ ենք, որ Ֆրանսիայից դուրս այն անցկացվում է նաև Հայաստանում՝ ՀՖՀՀ-ում, ինչը վկայում է համալսարանի դինամիկության և որակյալ կրթություն ապահովելու պատրաստակամության մասին։ Այս տարվա թեման՝ արհեստական բանականությունն ու իրավունքը, իսկապես հրատապ և արդիական է։ Արհեստական բանականությունն արդեն իսկ փոխում է հաստատված իրավական կարգը, հատկապես՝ անձնական տվյալների և մասնավոր կյանքի պաշտպանության ոլորտում։ Իրավաբաններին անհրաժեշտ է պատրաստ լինել այս փոփոխություններին»,-ասաց նա։  

ՀՖՀՀ հետազոտող-դասախոս Սիմոն Սիմոնյանը նշեց, որ արհեստական բանականության իրավական խնդիրներն ու հնարավորությունները համալսարանում ուսումնասիրվում են արդեն մի քանի տարի։ 

«2021 թվականից իրավագիտության մագիստրատուրայում դասավանդվում է թվային կամ նորագույն տեխնոլոգիաների իրավունք առարկան։ Իսկ 2024 թվականից բակալավրի ծրագրերում ներդրվել է նոր առարկա՝ արհեստական բանականություն և մասնագիտություններ, որն անցնում են ոչ միայն իրավաբանները, այլ նաև կառավարման, ֆինանսների ու մարքեթինգի ուսանողները։ ԱԲ-ն արդեն այսօր ստեղծում է և՛ հնարավորություններ, և՛ ռիսկեր իրավունքի գրեթե բոլոր ճյուղերում»,- ասաց նա։ 

Կոնցեռն «Էներգոմաշ» ՓԲԸ իրավաբանական վարչության ղեկավար Հռիփսիմե Պապիկյանն էլ հավելեց, որ հեղինակային իրավունքի դաշտում արհեստական բանականության առաջացրած խնդիրները դեռևս կարգավորված չեն։

«Մեր օրենսդրությունը վերջին անգամ փոփոխվել է 2013 թվականին, երբ արհեստական բանականությունը գոյություն չուներ։ Շատ երկրներում հեղինակ է համարվում միայն ֆիզիկական անձը, ինչը բարդացնում է արհեստական բանականության միջոցով ստեղծված օբյեկտների իրավական կարգավիճակի հարցը։ ԱՄՆ-ում, օրինակ, յուրաքանչյուր դեպքում գնահատում են մարդու ներգրավվածության աստիճանը ստեղծագործության մեջ։ Եթե նույնիսկ ստեղծագործությունը համակցված է և մասամբ գեներացված է արհեստական բանականությանը միջոցով, այն շարունակում է համարվել հեղինակային իրավունքի օբյեկտ»,- ասաց Հռիփսիմե Պապիկյանը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ՀՖՀՀ դասախոս Արսեն Նիկողոսյանը կիսվեց իր փորձով՝ արհեստական բանականության գործիքակազմը կիրառելու հարցում։

«Վերջերս զեկույց պատրաստելիս՝ փորձեցի օգտագործել ԱԲ-ի գործիքները և մի քանի անգամ հիասթափվեցի։ ChatGPT-ն մի քանի անգամ ներողություն խնդրեց հորինված հղումներ և դատական որոշումներ տրամադրելու համար։ Ի վերջո, վերջնական շրջանակը սահմանում է մարդը»,- նշեց նա։ 

ՀՖՀՀ իրավաբանական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Տարոն Նազարյանը նշեց, որ համալսարանական կրթությունը շատ կարևոր է իրավաբանի համար, սակայն այն պետք է համալրվի ոչ ֆորմալ և պրակտիկ ձևաչափերով։ 

«Ուսումնական ծրագիրը չի կարող ամեն տարի փոփոխվել և միշտ արդի մնալ, սակայն իրավունքի զարգացող բնույթի պատճառով այդ բացը լրացնելու համար ուսանողները հաճախ մասնակցում են տարբեր արտածրագրային դասընթացների և միջոցառումների։ Այսպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է «Իրավունքի գիշերը», ինչպես նաև հաքաթոնների ֆորմատով քննարկումները, դեբատները, ոլորտի մասնագետների և ուսանողների միջև շփումները հաճախ ավելի արդյունավետ են նոր իրավական գաղափարներ ձևավորելու և ավանդական կրթական մեթոդների սահմաններից դուրս գալու համար»,- ասաց նա։ 

Նազարյանի խոսքով՝ նման ֆորմատները նաև հոգեբանական առումով ավելի արդյունավետ են։

«Այստեղ չկա դասախոս-ուսանող ավանդական հեռավորություն։ Մենք հնարավորություն ենք ստանում շփվելու դասախոսների հետ ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը մեծացնում է ուսանողների մոտիվացիան»,- ընդգծեց նա։ 

Խոսելով դեբաթոնի թեմայի մասին՝ ուսանողը նշեց, որ այս տարվա քննարկման առարկան՝ արհեստական բանականության և իրավունքի փոխազդեցությունը, հատկապես հետաքրքիր է։ 

«Քեյսը, որի վրա այսօր աշխատում ենք, դեռ 2023 թվականից քննվում է ԱՄՆ-ում։ Այն հետաքրքիր է, քանի որ արհեստական բանականության կարգավորման համար դեռևս չկա հստակ իրավական շրջանակ, չկա այնպիսի նախադեպ, որի վրա կարող ենք հենվել։ Դա մի տեսակ նման է դատարկ ձեռքերով ձուկ որսալուն՝ պիտի ինքդ մտածես ու փորձես գտնել լուծումներ։ Սա զարգացնում է քննադատական մտածողությունն ու տրամաբանությունը և մեզ տալիս է նոր մտքերի հոսք, որոնցից յուրաքանչյուրը պետք է ստուգվի՝ արդյոք տեղ ունի՞ իրավական համակարգում, թե՞ ոչ»,- ասաց Նազարյանը։ 

Հայերեն

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները